Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստարոտը, ասելով այս խոսքերը, դարձուց յուր քամակը սատանային և վեր բարձրացնելով պոչը, ցույց տվեց սպեղանին, որ մածված էր պոչի տակին։

Սատանան և բոլոր դժոխային խումբը ծիծաղեցան որպես խելագար, հա՜, հա՜ , հա ...

— Ողորմելի՜ Աստարոտ,— ձայն տվեց դժոխքի տերը ուրախ հոգով,— ո՞վ այդպես անխղճաբար վիրավորեց քեզ։

— Դորա պատմությունը բավական երկար է. այդ բանի սկիզբը շատ ծիծաղելի էր, թեպետ և վերջը անախորժ եղավ, ես կպատմեմ ձեզ բոլորը և ամբողջապես համար կը տամ բոլոր անցքի մասին կարճ և բացահայտ: Բայց իմ ասածները հիմնավորապես հասկանալու համար, անպատճառ պիտո է հիշեցուցանել Ձեզ մի քանի անցք, որ թեև փոքր ինչ հին էին, բայց մեծ հարաբերություն ունեին ներկա անցքի հետ: Եվ այսպես, նախ և հառաջ Ձեր մռայլությանը հայտնի է, որ ես քանի ժամանակ հառաջ, Փարիզումը, հանեցի գեղեցիկ խռովություն։ Ժողովուրդը երեք օր շարունակ կռվում էր որպես վագր կամ կատաղած սպանիական ցուլ. արյունը թափվում էր, տները այրվում էին, փողոցները լցված էին դիակներով, ո՜չ ոք չգիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունի գործը...

— Այդ լավ է, այդ գեղեցիկ է, ահա լավ բան,— ասաց սատանան.— հետո ի՞նչ եղավ։

— Չորրորդ օրը ես հաշտեցուցի նորանց այն պայմանով, որ նորա թագավորը պիտո է լինի արքա, իսկ ժողովուրդը թագավոր:

— Ինչպե՞ս։

— Այն պայմանով, Ձեր մռայլություն, որ թագավորը պիտո է լինի արքա, իսկ ժողովուրդը թագավոր։

— Այդ ինչ բաբելոնյան խառնակություն է. ես ամենևին չեմ հավանում այդ պայմանի զորությունը։

— Ես ևս չեմ հասկանում,— ասաց դևը,— և ոչ ոք չէ կարող հասկանալ. բայց այս պայմանը մեծ հաճությամբ ընդունեց ժողովուրդը։

— Բայց դորա մեջ ոչինչ միտք չկա։

— Այդ պատճառով ևս հնարած է։

— Անհնարին է:

— Երդվում եմ քո անիծյալ պոչովը, Ձեր մռայլություն։

— Բայց ի՛նչ դուրս եկավ դորանից։

— Շատ գեղեցիկ բան։ Այս պայմանով ես այնպես խառնափնդորեցի

351