Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սորանից հետո ես շարժեցուցի և մի այլ ազգ, որ ապահով բնակվում էր հյուսիսային ավազների վերա մի մեծ գետի եզերքում. այս արդեն իսկապես ծիծաղելի բան էր. ինձ ոչինչ ժամանակ հաջողված չէր այսպես ճարտարությամբ խաբել, ինչպես այս գործում։ Բայց պիտո է ճշմարիտը ասել, որ այսպիսի թեթևահավատ ժողովրդի ևս երբեք պատահած չէի։ Ես այնպիսի ճարտարությամբ լարեցի նորանց, շրջեցի գլուխները, խառնափնդորեցի մտքերը, որ նոքա քանի ամիս շարունակ կտրատում էին միմյանց. կորան, չքացան, և մինչև այժմ դեռ չեն կարող հաշիվ ու համար տալ ինքյանց, թե ինչ պատճառով ջարդվում էին և ինչ էին կամենում դուրս բերել այս բաբելոնյան խառնակութենից։ Այս գործից ես հնար ունեցա տալ ձեզ 100,000 շատ հանդուգն նզովյալներ։

— Bardzo dobže,[1]- ասաց սատանան, որ ամենայն լեզվի տեղյակ էր.— հետո՞:

— Այս երեք արժանավոր ապստամբություններից հետո ես քաշվեցա դեպի Փարիզի—իմ գլխավոր բնակությունը, և սրտիս նեղութենից դրեցի ուսումնական դատողություններ կոշկակարների, մշակների սայլապանների, դրաշարների, աղքատների և փախստականների ծայրագույն իշխանության մասին․ այս աշխատասիրության վաստակքը կամենում եմ ընծայել Ձեր մռայլությանը։

— Ընծայիր նորանց քո բարեկամին,— ասաց սատանան թթու դեմքով.— ինձ հարկավոր չեն քո շարադրությունքը, այլ ցանկալի է իմանալ, ի՛նչպես վերջացավ այն խռովությունը, որ հանեցիր հյուսիսումը, գետի եզերքներում ավազուտ երկրի վերա։

— Ոչնչով, Ձեր մռայլություն. նորանով վերջացավ, որ մեզ ջարդեցին ու հալածեցին, և այն խառնակության միջոցին, մի մորուքավոր հեծելազորական, որ ամենևին չգիտե ապստամբության խորհուրդը, հարգը և արժանավորությունը, վիրավորեց ինձ յուր գեղարդով, ինչպես տեսաք, սորանից մի փոքր հառաջ։

— Վերջը ի՞նչ եղավ։

— Ոչի՛նչ, մռայլագույն սատանա։ Ես այժմ ապիկար զորական եմ եկած եմ արձակուրդ խնդրել Ձեզանից, վեց ամիս ժամանակով օտար աշխարհ գնալ, հանքային ջրերով իմ վերքերը բժշկելու․․․

353

23—162

  1. Շատ լավ (լեհ.):