— Արձակուրդ չկա՛ քեզ,— աղաղակեց դևերի զարհուրելի թագավորը։— Նախ, որ դու արժանի չես նորան, երկրորդ, որ ինձ հարկավոր ես. քաղաքական գործերը դեռևս խանգարված են։ Բայց դառնանք դարձյալ դեպի քո հայտարարությունը։ Դու պատմեցիր ինձ միայն երեք ապստամբությունների մասին, ո՞ւր մնացին մյուսերը։ Մի փոքր հառաջ պարծենում էիր թե միմիայն Գերմանիայումը հանել ես հինգ կամ վեց տեղում։
— Անհաջող անցան, Ձեր մռայլություն։
— Ի՞նչպես թե անհաջող անցան։
— Ինչ շինեմ ես գերմանացոց հետ, մինչ չէ կարելի նորանց շարժել ու դղրդել... Բարեհաճեցեք տեսանել, ահա այժմ ևս իմ մոտ կան տասն հատ գերմաներեն ապստամբական ճառեր, որ ասվեցան Համբախումը և ամբողջ թիվ Die deutsche Tribune օրագրի. ես ցրվում եմ այս գրվածքը բովանդակ Գերմանիայում, բայց գերմանացիք կարդում են նորանց նույն հուսահատեցուցիչ սառնությամբ, որով խմում են սառուցով գարեջուրը և պար են գալիս Mein lieber Augustin երաժշտությամբ։ Մի քանի ուսանողներ և օրենքի վարդապետներ աղաղակում են, քարոզում են, բայց այդ ոչինչ ներգործություն չէ հառաջացնում ժողովրդի մեջ։ Արդեն զզվեցուցին ինձ այս գերմանացիք, հավատացնում եմ Ձեր մռայլությանը, և նորա ամենից շատ նզովյալը ևս պիտանի չէ Ձեր դժոխային թագավորությանը։ Նոքա մինչև այն աստիճան սառն են, որ դժոխքի բոլոր կրակով չէ կարելի ջերմացնել նորանց, թո՛ղ թե խորովել...
— Ապա ի՞նչ շինեցիր Իտալիայումը։
— Ո՛չինչ:
— Ի՛նչպես ոչինչ... մանավանդ որ հրամայել էի առավել ներգործել Իտալիայումը։
— Դուք հրամայել էիք, և ես ներգործեցի: Բայց իտալացիք մի անգամայն կանայք են: Ես կապեցի նոցա մեջ մի գեղեցիկ դաշնադրություն, նոքա երդում կերան, որ երևելի ապստամբական քանքարով գերազանց կը լինին, քան յուրյանց նախնի հին հռովմայեցիքը։ Ես իրավունք ունեի սպասել այս գործի կատարյալ հառաջադիմությանը, մինչ գիշերով հանկարծ, Ձեր մռայլություն, բարեհաճեցիք շատ բարձր.... հազալ թե փռնգալ, որ երկիրը, ճաքեցավ մի փոքր ձեր ննջարանի վերայով։ Իմ հսկաները, երկրաշարժութենից վախելով, վազեցին գնացին յուրյանը աբեղաների
354