Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թնդանոթից արձակած ռումբ։ Աստեղաբաշխքը իսկույն ուղղեցին յուրյանց հեռադիտակները Աստարոտի վերա և տեսնեյով նորա պոչը, ընդունեցին նորան այն մեծ մոլորակի տեղ, որ այս տարիներումս երևելու էր. նոքա իսկույն հաշվեցին, թե քանի՞ ժամանակում կատարում է նա յուր ընթացքը արեգակի չորս կողմով։ Ֆրաունհոֆերի հեռադիտակը գտանվելուց հետո, և չղջիկներր չեն կարող թաքչել աստեղաբաշխների աչքից, նոքա այդ բոլորը դասում են երկնքի լուսավորների կարգը։

Այս միջոցին ապստամբության դևը թռավ, թռավ, թռավ ու սաստիկ ճայթոցով ընկավ իսկ Փարիզի մեջտեղը։ Բայց դևերը, ինչպես նաև կատուները, անվնաս են մնում և սաստիկ բարձրութենից ընկնելու ժամանակ։ Բայց այս միջոցին, երբ ընկավ Աստարոտը, մի փոքր այլապես էին Փարիզի հանգամանքը. նա ընկավ այն շփոթության և խառնակության մեջ, որ պատճառվել էր ռումբի ճայթելուց, որ նորա գովական իտալացիք պատրաստել էին Ֆրանսիայի թագավորի կյանքը կտրելու համար։ Այս դիպվածով ահա Աստարոտ զրկվեցավ յուր պոչից, որ տարավ ռումբի բեկորը, որ բացեց և զայրացուց նորա առաջին վերքը:

Սատանան, ձգելով Աստարոտը դեպի երկրի երեսը, հետ դարձավ փառահեղությամբ, փլվեցավ և ասաց.

— Տեսանո՞ւմ եք այդ անպիտանը... ինքը որովհետև ոչինչ չի շինել և կամք չունի շինելու, սկսեց իմ առաջևը գովել մարդերի խելք ու միտքը... ցանկալի էր իմանալ, թե ե՛րբ զորեղ էր մարդու խելքը քան թե մեր փորձությունքը... մարդիկ, միշտ մարդիկ են... Ա՛հ, սիրելի և թանգագին մարդիկ...

Ո՞վի կարգն է այժմ հայտարարություն կատարել։

Դ

Երևակայեցեք ձեզ մի դևիկ (իհարկե դուք դև տեսած կլինիք), երևակայեցեք ասում եմ մի դևիկ, հասակի բարձրությունը հինգ ոտնաչափ և երկու մետրք աքաղաղի քիթով, շան ճակատով, մեծ ականջով, կոտոշներով, ճանկերով, ժանիքներով և երկայն պոչով, հագնված օրագրի թղթերով, գլխի գդակը ինն կանգուն բարձրությամբ սուր ծայրով, որ շինած է տպագրության սրբագրական թերթերից. այս գդակի սրածայրումը շինած է մի դրոշակ, որ պտույտելով փայտյա առանցքի վերա, ցույց է տալիս, թե ո՛ր կողմից փչում էր քամին։

357