Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևակայելով ձեզ մի այնպիսի դևիկ, կարող եք ծանոթություն ունենալ Բուբանդուսի ձևին, առաջին դուքսի և օրագրության ոստիկանի, որ ծառայում է Նորին մռայլության մոտ։ Բուբանդուսը շատ սիրական է դժոխքի թագավորին. նա երկու պաշտոն ունի այնտեղ, պալատական բամբասողի և հրատարակողի այն օրագրին, որ քանի մի ամսամեջ մի անգամ, «Ստախոսից ստախոս» անունով դուրս է գալիս դժոխքումը։ Այս օրագիրը դժոխքի մեջ հայտնի է և ընդունվում է որպես պաշտոնական։ Նորա մեջ, խավարի որդին յուր զվարճության համար տպել է տալիս ճառեր, ոտանավորներ հին և նոր բարբառներով, հոդվածներ, որ ոչինչ չեն պարունակում. բայց գլխավորը և ուշադրության արժանին այն է, որ տպել է տալիս օրագիրը այնպիսի մարդերի անուններով, որ երբեք ստանում չէին այդ օրագիրը։ Սատանան հիմնավոր և խելացի բաները համարում է անարժան որևիցե ուշադրության, և իրավունք ևս ունի.... երևի թե դժոխքումը ևս, ինչպես աշխարհի երեսին, փոքր էր օրինավոր և հիմնավոր բաների հարգ ճանաչողը։

Բուբանդուսը, բուի թևից գրիչը դրած ականջի քամակումը, թևերի տակին սև թղթակիր ապականված թանաքով և լեղիով, մոտեցավ խավարի թագավորի գահին, կանգնեցավ, գլուխ տվեց և մի ոտքի վերա պտույտ եկավ։

Հետո դարձյալ գլուխ տալով ասաց.

— Համարձակվում եմ, եթե կներեք, հանդիման լինել ձեզ...

Սատանան, ընդհատելով նորա խոսքը, պատասխանեց.

— Սիրական Բուբանդուս, սկսիր շուտով քո հայտարարությունը. միայն կատարիր նորան համառոտ և խելացի։

Այս ասելով հորանջեց սաստիկ և բացեց բերանը Վեզուվի ճեղքվածքի չափ, ուստի դուրս թափեցան բոց ու ծուխ։ Դժոխային խավարի մեջ դուրս գալով այս բոցը սատանայի կոկորդից, լուսավորեց նորա բերանը և կոկորդի մի մասը, ուր որպես մատենադարանի մեջ շարված էին ցուցակով և կարգով այն բոլոր սխոլաստիկական և հիմար գրվածքը, որ տպվում են կամ հեղինակի անուն ժառանգելու, կամ մարդ էշացնելու և կամ արծաթ հավաքելու խորհրդով։

— Իմ հայտարարությունը գրած է թղթի վերա,— կցորդեց չար-ոգի օրագրապետը։— Ի՞նչպես կբարեհաճի Ձեր մռայլությունը լսել, վիպասանական թե ճարտասանական ձևով, այսինքն վերջի՞ց դեպի սկիզբը, թե սկզբից դեպի վերջը։

358