Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս է ահա պատճառը, որ խելացի մարդիկ հարցանում էին, թե ինչու համար հնամոլ հեղինակները չէին խոսում հին լեզվով և այդ լեզուն երևում էր միմիայն գրչի տակից. սատանան արգելել է խոսել, թույլ տալով միայն գրել։

Սատանան ոչինչ այլ բան չխոսեց գրականության դևի հետ։ Վեզիրը, որ հրովարտակ ապսպրելով վերադարձել էր սատանայի մոտ, հայտնեց թե հնդկական գլխավոր և ծայրագույն Բրամինը, որ շատ տարիներով ահա ծառայում էր աշխարհի երեսին դժոխքի օգտի համար, վախճանվել է։ Սատանայի դեմքի վերա փայլեց մի ժպիտ և ետևի ոտքով ականջը քորելով ասաց. — Հրամայիր դժոխքի առաստաղից կախած մեծ կոչնակը զարկել, հանդես պատրաստիր ընդունելու համար այդ ծայրագույն Բրամինը, մինչև ես լսեմ ամուսնական գործերի գլխավոր կառավարչի հայտարարությունը։

Է

Ես չկամիմ նկարագրել ամուսնական գործերի գլխավոր կառավարիչ դևի արտաքին կերպարանքը. պատճառ, իմ գրածը կարդացող ամուսնացած մարդերի երեք բաժինը արդեն ծանոթ է նորա հետ. այսքան միայն պիտո է ասել, որ Ֆիֆիքոքո դևը (այսպես է ամուսնական գործերի գլխավոր կառավարչի անունը), շատ չար դև է, շատ խորամանկ, բայց միևնույն ժամանակ շատ սիրելի է. հեզ, խոնարհ, հնազանդ, հնարագետ է, որպես հանցավոր կին, և հաջող փորձիչ։ Սա էր որ խաբեց Եվային տալով նորան բարու և չարի գիտությունը. այն ժամանակներումը այս մի մեծ գաղտնիք էր, բայց մեր ժամանակներումը մինչև անգամ բոլոր աղախինքը գիտեն առանց սատանայի գործակցությանը. բայց բոլորից գերազանցը այն է, որ նա բոլոր ամուսնավոր կին մարդերի գաղտնիքը գիտե, գիտե նաև սատանայի կնոջ գաղտնիքը.... սատանան թեև կասկած ունի նորա վերա, բայց բան չէ խոսում քաղաքավարություն պահելով. սատանան, մի նայեք որ սատանա է, նա շատ երևելի դիպլոմատ է։

— Ի՞նչ նոր բան կա, հարց արեց դժոխքի թագավորը, ինչպես են քեզ հանձնած գործերը.

— Շատ լավ են, Ձեր մռայլություն, իմ գործերը երբեք այնծաղկյալ վիճակի մեջ եղած չեն, ինչպես այժմ։

— Ամուսնության մեջ թագավորում է մի անսովոր սրտնեղություն

372