Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ձանձրույթ. արք և կանայք ամենայն օր համարյա թե երեք անգամ կռվում են միմյանց հետ, և ամենեքին կարոտում են մխիթարության.... այրը սպասում է յուր սիրականին և տեսած րոպեին ասում է, — գոնե այժմ մի փոքր հանգիստ վայելեմ, ապա թե ոչ կյանք չունիմ կնոջս ձեռքիցը. կինը յուր կարգով սպասում է յուր սիրականին և եկածի պես կրկնում է միևնույն խոսքերը։ Իմ գլուխը պտույտ է գալիս գործի շատութենից։

— Ես գիտեմ քո հարազատությունը և գործունեությունը,— ասաց սատանան,— ցույց տուր ինձ քո ցուցակը։

Ֆիֆիքոքոն տվեց նորան ամուսնական գործերի ցուցակը մի երկայն թղթի վերա. այս միայն վերջին ամսի ցուցակն էր, այն գործերի, որ պատահել էին բովանդակ երկրագունդի վերա։

— Ո՛րքան խարդախություն է,— բացագանչեց սատանան,— ո՜րքան պատերազմ մարդ ու կնոջ մեջ, շարունակեց նա կարդալով ցուցակը, այս ո՞րքան սիրո նամակներ են գրված մի ամսի մեջ.... ասա խնդրեմ, մի՞թե այս կարճ ժամանակում դու այսքան ամուսնություն խանգարեցիր՝ 777,777. այս զարմանալի մեծ գումար է։

— Արդարև այդքան, Ձեր մռայլություն,— պատասխանեց դևը։

— Գովելի է, գովելի է,— բացագանչեց սատանան նայելով ցուցակին մեծ ուշադրությամբ.— ես պիտո է ճշմարիտը ասեմ, որ իմ կառավարության բոլոր մասներից քո դեպարտամենտը առավել բարեկարգ է։

— Ձեր մռայլությունը մեծ շնորհ ունի իմ վերա։

— Ես ճշմարիտ եմ ասում, որովհետև քո գործերի ընթացքը շատ արագ է։

— Ձեր մռայլություն, կանայք չեն սիրում երկար բարակ քննություն։

— Իմ ծառայողներից ոչ ոք քո չափ չէ տալիս ինձ այդքան նզովյալ հոգի. ո՛րքան շատ են այժմ դժոխքի մեջ երևելի մարդիկ, խորիմաստ փիլիսոփաներ, աստվածաբաններ, իմաստուններ, կրոնամոլներ, որոնց և ոչ ոք իմ դևերից չէր կարող հրապուրել. բայց գոլ ընկար թե չէ քամակներից, իսկույն ամուսնացուցիր. փոքր ժամանակից հետո ահա կռվեցին, ջարդվեցան և այր և կին եկան մեր մոտ։

— Եթե շատ հեշտ է որոգայթ լարել նոցա։

373