Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սատանա, դուք թեև այսպիսի անկարգության մեջ պահում եք դժոխքը, բայց անարժան էր, պիտո է քննություն բանալ։

Այս միջոցին անիծյալների բազմության միջից դուրս եկան երեք ուրվականք, հայր, որդի և թոռն, որ յուրյանց անունը հայտնելով Քամ, Քանան և նեբրովթ, հայտնեցին ևս, որ ծայրագույն Բրամինը շառավիղում էր յուրյանցից. բացի սորանից, ծերունի Քամը թույլտվություն խնդրեց սատանայից մի արձակ կամ ոտանավոր ճառ կարդալ այն հանդեսի մեջ, ուր պիտո է երևեր առաջին անգամ ծայրագույն Բրամինը: Սատանան մեծ հաճությամբ ընդունեց այս առաջարկությունը։

Կարդացողը անտարակույս պիտո է զարմանա, որ մի քանի թերթ հառաջ նկարագրված խիստ, անողորմ, բարկացող և աներկյուղ սատանան ինչպես այժմ նկարագրվում է որպես թե վախեցող, որովհետև այս և այն բաների մասին հոգաբարձություն է առնում, որ լավ կերպով ընդունելություն առնե ծայրագույն Բրամինին։ Ճշմարիտ է այդ խնդիրը, բայց և այն ճշմարիտ, որ այդ հեղափոխությունը կատարվեցավ տեր սատանայի վերա։ Սորա պատճառը իմանալու համար հարկավոր է հառաջուց ծանոթանալ այն ավանդությանը, որ պաշտոնական կերպով ընդունված է դժոխքի միմիայն իշխանների մեջ. պատճառ, խաժամուժ ամբոխը դևերի չգիտե ոչինչ թաքուն բան։

Իբր թե ժամանակով մահկանացու մարդերի միջից այնպիսի մի նզովյալ պիտո է դուրս գա, որ յուր աշխարհի երեսին արած չարություններովը գերազանցելով տեր սատանայից, պիտի գնա դժոխք և գահավիժելով դժոխքի թագավորը յուր գահի վերայից, ինքը պիտի թագավորե։

Սատանան միշտ վերահասու եղած լինելով, յուր ոստիկանների և լրտեսների ձեռքով, հնդկական ծայրագույն Բրամինի չարութեններին և ավերածքին, որ բերեց յուր ազգի վերա, ճշմարիտը պիտո է խոստովանել, երկյուղ ուներ, որ մի գուցե դա լինի այն խոստացած սատանայապետը։

Հանկարծ լսվեցավ սաստիկ դղրդյուն և հետո մի բան ընկավ դժոխքի դուռից ծծումբի լճի մեջ նույն աղաղակը գործելով, որ պատճառում է մի գերան, ջրի մեջ ընկնելու ժամանակ։

— Բերում են, բերում են,— կրկնեցին շատ դևեր միաձայն. Բեհեղզեբուղը պատրաստվեցավ հայտարարությունը կարդալու.

376