Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սատանան ահուդողով, որ ոչ ոքին չէր հայտնում, նստած էր գահի վերա։

Երկու դև մտած երկու թևերի տակ, բերում էին ծայրագույն Բրամինը, կրակված ծծմբալճի վերայով, դեռևս այնքան մոտ չէր, որ կարելի լիներ միմյանց երես տեսանել։

Քամը, որ թույլտվություն էր ստացել տեր սատանայից մի արձակ կամ ոտանավոր շնորհավորություն կարդալ յուր զավակի գալստյանը, կանգնած էր թուղթը ձեռքին։

Վերջապես հայտնվեցավ Բրամինը, կարճահասակ, մորուքը մինչև ծունկը, չոր, աչքերը ներս ընկած, ժանգոտ ատամներով և անտանելի բերանի գարշահոտությամբ, դեմքը կնճռած, ունքերը կիտած։ Գլուխ տվեց սատանային և կամենում էր մի բան ասել, բայց մոտի կանգնած դևերը նշանացի արեցին նորան, թե մինչև ինքը սատանան չհարցանե, չէ կարելի բան խոսել։

Հանդես դուրս եկավ Բեհեղզեբուղը հայտարարությունը ձեռքին, գլուխ տվեց տեր սատանային, համբուրեց պատկառանքով նորա պոչի ծայրը և սկսեց կարդալ։

Թ

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹ3ՈԻՆ

Ամենամռայլապատվելագունեղ տեր,

Այս ուրվականը, շնորհ ունիմ ներկայացնել ձեզ, տեր հնդկական ծայրագույն Բրամին, որդի մի հասարակ Բրամինի, որ շառավիղում էր պարիաների ցեղից։ Ճակատագիրը պատրաստել էր նորան անոթ ընտրության լինիլ դժոխքի համար։ Նա լինելով այնպիսի ազգի մեջ, ինչպես հնդկացիք են, որ փախչելով ամենայն լուսավորությունից, ամենայն կերպ աշխատում են մնալ խավարի մեջ, և մեծ կարծիք ունին յուրյանց Բրամինների վերա, արդեն հիսուն-վաթսուն տարի սորանից հառաջ նշանավոր էր գտանված յուր դժոխային խռովասիրությամբ, նա շաբաթներով քունը կոտրում էր և հաց չէր ուտում, եթե իմանար, որ մի տեղ խռովություն կար, ու ջանում էր ապա գիշեր ցերեկ, որ այդ խռովությունը բորբոքվի, վեճը, կռիվը, բողոքը, որ դժոխքի և ձեր մռայլության զավակներն են, ծաղկին և զվարթանան։

Սա մի լավ պաշտոնյա էր ստության, դորա մեջ ոչինչ ճշմարտությունը

377