Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բրամինը, որին սիրում էր և հավատում էր, այն կտրիճ որդին դժոխքի, վերջապես մահադեղ տվեց յուր բարերար ծայրագույն Բրամինին և տանը գտանված ինչքը հափշտակելով, շահվեցավ յուր համար փոքր ի շատե ազատ կեցության հնարք։ Ահա այս էր պատճառը, որ առանց Ասմոդեյի կողմից պարգևի, նորա հոգին եկած է ձեր խավար տերության մոտ, որպես արժանի զորական արժանի թագավորի։

Երբ ավարտեց վեզիրը յուր հայտարարությունը, սատանան և բոլոր հանդիսականքը ծափ զարկեցին, զմայլելով այսպիսի դեպի դժոխքը ջերմեռանդության վերա, որ ցուցել էր ծայրագույն Բրամինը, որ այն րոպեին ներկայացավ տեր սատանայի առաջև: Մահադեղից պատճառված փրփուրը դեռևս թափում էր նորա չորացած շրթունքի վերայից. գլուխը գտանվում էր ակամա և տենդային ցնցողության մեջք ոտքերը և ձեռքերը, մանավանդ այս անդամների մատերը, ցնցողությամբ կարկամվում էին։

Ծերունի Քամը ծայրագույն Բրամինի նախահայրը, որ կանգնած էր սատանայի գահի աջ կողմից, ձեռքին բռնած գալարած մի թերթ թուղթ, հառաջ դուրս եկավ հրապարակ և գլուխ տալով տեր սատանային, սկսեց յուր ճառը այսպես.

— Այս ուրախ հանդիսի մեջ, ուր ամենների սիրտը լցված է ուրախությամբ, ի՛նչ մնում է ինձ ասել, եթե ոչ սրտիս խորքիցը օրհնել այս օրը։ Ձեր մռայլություն, և դուք, դժոխային հոգիք, դուք, պարոններ, որ տեր սատանայի շնորհքով այսօր արժանի եք եղած դժոխքի որդի կոչվիլ, ինքներդ լսում եք ահա, թե ի՛նչ արժանավորությունը ունի իմ զավակը, որ շնորհ բերեց մեր մոտ, որի մասին այս րոպեիս խոսեցավ նորին մռայլության խավարափայլ վեզիրը: Եթե դուք ամենեքին ուրախանում եք դորա այդ կարգից դուրս արժանավորությունների վերա, որի հետ բացի հոգեկան առնչութենից ոչինչ ունիք հասարակաց, հապա չափեցեք իմ ուրախությունը, ուրախությունը, ասում եմ, նախահորս և այնպիսի բազմարդյուն զավակի սկզբնապատճառիս։

Խնդացեք ուրեմն, խնդակից եղիք ծերունուս, դժոխքի զորությունք, որ այսօր տեսանում ենք մի հաստապինդ սյուն ավելի կանգնած դժոխքի կամարների տակ։ Այսօր նոր դարագլուխ է դժոխքի համար, որովհետև լրանում է, իմ զավակի գալովը, դժոխքի զորության չափը, ես հույս ունիմ, որ այն դժվար խնդիրներում

379