Զով ծառի տակ կույսն է նստած հառաչում,
Մինչ ցերեկը մութ գիշերն է հալածում.
Թռչունները իրենց զվարթ համերգով
Ողջունում են այգաբացը հոգեթով։
«Եվ ինչո՞ւ ես դու հառաչում տխրադեմ,—
Ասում եմ ես կույսին` կանգնած նրա դեմ,—
Միթե ցավն այդ քեզ մինչև այդ անծանոթ
Դրավ քո մեջ նենգ աստվա՜ծը նախանձոտ»:
Ասում եմ ես և իրանին փաթաթված
Թավալում ենք շուքի ներքո վարդենյաց,
Կանաչներում, որոնց երկինքն է ցողում.
Ու ձեռներըս տաք սրտին են պատահում։
Ապա ձեռքըս վեր տանելով կրծքի մոտ`
Բաց եմ անում պինդ կոճակը նախանձոտ.
Եվ արևի ծիրան ցոլքերն անդրանիկ`
Ցոլցըլում են ստինքներից իր գողտրիկ։
«Որքա՜ն վսեմ ու վայելուչ, մեծ ես, տե՜ր,
Որ տիեզերքն սիրո շնչով ես լցրել.
Կըհանդգնի՞ որդը բերանն իր բանալ
Եվ աղարտել ստեղծյալիդ պատարյալ»։
Վարդ ժպիտն է ծաղկում անո՜ւշ, տենչագին
Չքնաղ կույսի որդան կարմիր շուրթերին,
Ոայց մնում է հավատարիմ լռության...
Իսկ ես ինչի՞ն—եթե ոչ սուրբ բնության։
Ե
ՕՐՀՆՎԱ՜Ծ ԼԻՆԵՍ. ՔՈՒՅՐ...
Ով կույս, թող սիրտդ օտար լինի
Զուր, անտեղի նազանքին.
Քո դուռը բաց, ով որ զարնի,
Եվ մի՛ մերժիր ոչ մեկին։
Եվ վրանիդ հարկի տակին
Եթե դու հյուր ընդունես
Սիրակարոտ լքյալ հեգին՝
Հար օրհնրվա՜ծ դու լինես։