Ու թե շոյվի գլուխը կոր...
Քեզնից նոր կյանք ստանա,
Աբրահամյան քո վրանին
Միշտ՝ Մամբրեի կաղնուց՝ քեզ
Ցից ընծայե ամեն տարին.
Հար օրհնըվա՜ծ դու լինես:
Թե սիրակեզ հեզ ծարավին
Պտղից պտկից ջուր խնդրի,
Եվ սուրբ Հակոբ Նահապետի
Ջրհորիցըդ տաս խմի,
Առատահոս աղբըրակիդ
Անուշ բախտից դու հրճվես,
Չի՛ ցամաքի աղբյուրդ վճիտ,—
Հար օրհնըվա՜ծ դու լինես։
Թե տաս այգիդ մշակելու
Ջահելներին այգեգործ,
Եվ քրտինքի արդար շահից
Դու ստանաս մի լավ փորձ...
Ծիլը մատղաշ, դալար ու կոր
Եթե սիրով դու շտկես՝
Բունդ կլինի միշտ զորավոր,—
Հար օրհնըվա՜ծ դու լինես։
Թե մեկը գա վարդըդ խնդրի,
Դու—որպես մայր գթության —
Վարդի հետ քո, անչա՜փ բարի՝
Զոլյգ նռներըդ տաս նրան.
Եվ կյանք տվող այգուդ գինու
Խառնարանը դու տանես
Եվ տաս գինին քո խմելու՝
Հար օրհնըվա՜ծ դու լինես։