Ո՛չ կենդանյաց խայտուն խումբք,
Ո՛չ սոխակի երգն անուշ,
Որով ամենքն են հրճվում —
Բնությունք բիրտ և քնքուշ:
Նախ տո՛ւր ինձ սեր, իմ սրտի
Ամայությունը լցրու,
Ապա տես թե կըզայթի՞
Վես բնությունը մարդու։
Երբե՛ք ստոր կրքերի
Համար սիրտը չէ՛ թիրախ.
Իսկ դու ինչո՞ւ ես ժպտում,
Ուխտ չեմ անում ես խարդախ:
«Քա՛վ լիցի, տե՛ր իմ Ադամ»,
Կրկնում էր հեզ սերովբեն.
«Թող չըշնչե՜ս հավիտյան
Դու այն օդը բոցեղեն.
Չըտառապե՜ս թող՝ կամա
Անձըդ հրին մատնելով,
Որին մարդը, հավատա՛,
Տոկալ բնա՛վ չի կարող»:
Ադամը խիստ հեգնում է
Սերովբեին և ասում,
Եվ մի վայրկյան լոկ դժնե
Դեմքին ժպիտն է փայլում.
Դո՛ւ, որ մարդ չես հողանյութ,
Ինչպե՞ս բընույթը մարդու
Դիտես այդպես, օ՜, հմուտ,
Այդ որտեղի՞ց ուսար դու։
Զարմացնում են ինձ սաստիկ
Քո խոսքերը, հիրավի,
Եվ քանզի չեմ սերովբե՝
Չիմանալըս թող ներվի՜»։
Համբերում էր սերովբեն
Կամակորին այդ արու,
Զի պատվերն էր արարչի՝
Լինել նրան պատկառու.
Ուստի և նա անվրդով
Խստությունից Ադամա՝
Գուրգուրում էր՝ ճախրելով
Անդադար շուրջը նրա:
Եվ մինչ Ադամն զբաղված
Սիրո մասին չէր խոսում,
Սերովբեն, հո՜ւշ, նրա վրա
Թափեց խաղաղ ու խոր քուն։
Զեփյուռի զո՜վ շոյանքի