Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ սերովբեն չէ՛ր ստում։
«Մխիթարվի՛ր, տե՛ր Ադամ,
Որ չըտրվեց սրտիդ հեզ,
Ինչ կոչում ես շարժիչ հով.
Այն զլացավ տերը քեզ,
Զի թե սրտիդ մեջ փչեր
Շունչն այն բոցեղ, կիզանուտ,
Ապա իրո՛ք կըկորչեր
Անդորրությունը հոգուդ։
Եվ ո՞ւր դու կըթափեիր
Բորբ կայծերը նրա բարկ,
Կարո՞ղ էիր դու միթե
Ցոլքն այն կրել կրծքիդ տակ.
Եվ ո՞վ պետք է քեզ հոգար,
Ո՞ւր էակն այն ընդունակ,
Որ ժողովել կարենար
Քո շանթն, ամպրոպ ու փայլակ»։
— Ի՞նչ ես փչում, սերովբե,
Եվ զուր՝ ստեր հնարում,
Մարդուն, իսպառ, դու, ի՞նչ է,
Անզգա՞ ես համարում։
Եվ տիեզերքը, միթե,
Գործն աստուծո, այս ահա՛,
Իմ աչքերի առաջ չէ՞.
Եվ ինքն իսկ չէ՞ Եհովան,
Որ շրջում է, ժուռ գալիս
Այս դրախտում պատվական
Եվ ողջունում թշվառիս՝
Միթե չէ՞ ինձ բավական։
Զարմանում եմ անհանճար
Քո խոսքերին, սերովբե՛,
Ըստ քեզ, դեպի վսեմը
Սիրտն անզգա՞ է միթե։
Կարո՜ղ եմ ես աստրձուն
Սիրել սիրով վերամբարձ,
Արարածները համբուն,
Նրա ձեռքով ստեղծված՝
Արև, լուսին և աստղեր,
Մեղմ երեկո, առավոտ,
Խաղաղ ու զով գիշերներ
Եվ ցերեկը լուսահորդ,
Ծառ, տո՛ւնկ դալար և աճող,
Ծաղիկ քնքուշ, գեղանի,
Վարդեր թփի վրա ճոխ,
Եվ շուշանը գարնայնի։

408