Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենք, որ Նալբանդյանը այս բանաստեղծություններից մեկը գրել է 1845 թվականին։ Պատկանյանը ոտանավորի վերնագիրը չի հիշատակում, ուստի դժվար է ստույգ ասել, թե ո՛ր բանաստեղծության մասին է խոսքը։

Հայտնի է, որ 1845 թվականին Ներսես Աշտարակեցին նոր Նախիջևանի վրայով է գնում էջմիածին։ Նախիջևանում նա մի քանի օրով կանգ է առնում, փակել է տալիս Գաբրիել Պատկանյանի դպրոցը, ուր խմորվում էին հականերսիսյանական տրամադրություններ, Պատկանյանին փոխադրում է Թիֆլիս և նրա փոխարեն ուսուցիչ կարգում կաթոլիկ Մկրտիչ Եգենյան վարժապետին։ Այս նոր դպրոցը միայն քահանայացուներ էր պատրաստելու։ նալբանդյանին ևս վիճակվում է իր ուսումը շարունակելու համար հաճախել այդ ընծայարանը։ Սակայն շատ շուտով, նկատելով ուսուցչի տգիտությունը և դպրոցի սխոլաստիկ ուղղությունը, հրաժարվում է, ասելով. «Ես ձեր սովորեցուցածը արդեն վաղուց սովորել եմ, և առավել մանրամասնաբար, քան թե դուք դաս եք տալիս, ունի՞ք նոր բան սովորեցնելու, սովորեցուցեք, ես պատրաստ եմ ուրախությամբ սովորելու, բայց եթե չունիք, ապա ուրեմն խնդրեմ արձակեցեք ինձ» (նույն տեղում, էջ VII)։ Միջադեպը վերջանում է նրանով, որ Նալբանդյանը վկաների ներկայությամբ հրապարակային քննություն է տալիս, ավելի ճիշտ՝ մրցում է իր նոր վարժապետի հետ և կատարելապես ապացուցում Եղենյանի տգիտությունը: Այդ մրցության վկաներից մեկը Պատկանյանին ուղղած իր նամակում հայտնում է, որ պատանի Նալբանդլանը թե քերականության, թե պատմության, թե աշխարհագրության մեջ ավելի քաջ հանդիսացավ, քան Եգենյանը: Մրցությունը նրանով է ավարտվում, որ առաջարկվում է Եգենյանին և Նալբանդյանին գրատախտակի վրա մի բան գրել: «Մինչև Եգենյանը երկու տող գրեց, Նալբանդյանը ոտանավոր գրեց և լեցուց գրատախտակը. դա այն էր, որ դու «Արարատի» մեջ տպել էիր»,— գրում է Պատկանյանի նամակագիրը (Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Գաբրիել Պատկանյանի ֆոնդ, «Հիշատակարան»)։

Ստեղծագործական կյանքը Նալբանդյան-բանաստղծի համար շարունակվում է և հետագա տասնամյակում: Մի տետրի մեջ ամփոփելով մինչ այդ գրած ինքնուրույն ու թարգմանական ոտանավորները, 1855 թվականի մայիսի 12-ին կից ընծայական նամակով նվիրում է Մոսկվայի իր մտերիմ բարեկամներից Հարություն քհն. Գյոքչեյանին: Քանի որ այդ նամակը զետեղվելու է նամակների բաժնում, սույն հրատարակության հինգերորդ հատորում, ուստի այստեղ հարկ ենք համարում անդրադառնալ դրան երկու խոսքով:

Հետադարձ հայացք նետելով մեր հին գրականության վրա, Նալբանդյանն այնուհետև խոսում է նոր լեզվով՝ աշխարհաբարով ստեղծված ու ստեղծվելիք գրական արտադրանքի մասին: Նա գրում է, որ այդ արտադրանքը դեռևս անկատար է, հետևաբար՝ կարոտ ուշադրության և խնամքի։ «Վերանորոգյալ հայախոսության այս հասակի վերաբերած քանի մի հիշատակարանք ունելով ես իմ մոտ, կամ իմ սեպհական մտածողության պտուղը և կամ ուրիշից մշակած, որոնց անունը տակերումը նշանակած է, կամենում էի նորանց չմատնել հավերժական կորուստի, ինչպես մինչև այսօր իմ անհոգութենովը իմ գրած բաներից շատերը այս կամ այն կողմ ցրված կորած են, որոնց անունը ևս օրըստօրե մոռանում եմ... Թեպետ այս գրվածքը մի երևելի բաներ չեն, այլ նոր լեզվի տղայության հասակի հիշատակարանք կարող են համարվել։

420