Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Տետրը» ընթերցվում է, որոշ հետաքրքրություն առաջացնում գրական նեղ շրջաններում։ Գեռքչեյանի մահից հետո ձեռագիրն անցնում է նրա որգուն, որն իր հերթին այն հանձնում է Նոր Նախիջևանի դպրոցի ուսուցիչ Հակոբ Բողդանին, իսկ վերջինս 1895-ին այն նվիրում է Խրիմյան կաթողիկոսին՝ սրա Նոր Նախիջևանում եղած ժամանակ։

Հարց է առաջ գալիս. Բողդանյանն ի՞նչ ձեռագիր է հանձնել Խրիմյան Հայրիկին, Նալբանդյանի ինքնագի՞րը, թե՞ դրա արտագրությունը: Ամենայն հավանականությամբ՝ ինքնագիրը, քանի որ անպատշաճ էր բնագիրը ցույց տալուց հետո արտագրությունը հանձնել կաթողիկոսին։ Ահա թե Բողդանյանը հետագայում այդ առթիվ ինչ է գրել Մինաս Բերբերյանին. «Միք. Նալբանդյանի ձեռագիր տետրակը մոտս էր, հիշո՞ւմ ես. ահա այդ տետրակը մատուցի վեհափառին, էջմիածնի թանգարանի համար» (ԳԱԹ, Մինաս Բերբերյանի արխիվ, N 80)։

Նալբանդյանի ոտանավորների այս «Տետրը» հրատարակելու փորձ է անում նույն Հակոբ Բողդանյանը։ Հավանորեն ինքնագրից կատարած արտագրությունը նա հանձնում է Լազարյան ճեմարանի ուսուցիչ և բանասեր Խաչատուր Քուչուկ-Հովհաննիսյանին, իսկ վերջինս այն ուղարկում է «Արձագանքին»։ Բայց այստեղ այն այդպես էլ լույս չի տեսնում։ Դա 80-ական թվականների իրողություն է։

Տեղեկանալով Նալբանդյանի այդ գործերի մասին, դրանք հրատարակելու ցանկություն է հայտնում «Հանդես գրականական և պատմականի» խմբագիր Մկրտիչ Բարխուդարյանը։ Հակոբ Բողդանյանը դիմում է Խ. Քուչուկ-Հովհաննիսյանին՝ խնդրելով Նալրանդյանի ձեռագիր տետրակը հանձնել Բարխուդարյանին: Քուչուկ-Հովհաննիսյանը այն ետ է վերցնում «Արձագանքի» խմբագրից և ուղարկում է «Հանդեսին»։ Այդ ձեռագիրն էլ այժմ պահվում է Գրականության և արվեստի թանգարանում, Բարխուդարյանի արխիվում։

Դա 21 տարբեր չափսի թերթերից բաղկացած մի տետր է, թերթերը միմյանցից պոկված, անկանոն դասավորությամբ, գրված կապույտ թանաքով։ «Տետրը» ծայրեծայր լցված է գրչագիր և մատիտագիր նշումներով, ուղղումներով, վանկերի քանակն արտահայտող թվերով, կարմիր թանաքի ջնջումներով։ Տետրի յուրաքանչյուր թերթի ներքևից՝ աջ անկյունում, կարմիր կամ սև թանաքով գրված է ռուսերեն մի-մի վանկ, որ հաջորդաբար դասավորելով` կստացվի «Цензор Патканов» մակագրությունը։ Ոտանավորների կողքին հաճախ կարելի է նկատել սև մատիտով կատարված ռուսերեն նշում՝ не нужно, առաջաբանից հետ առաջին բանաստեղծության վերևում մատիտով գրված է' «***- ի երիտաս<արդական> բանաստեղծություններից»։ Տետրն ամփոփում է 17 բանաստեղծություն և սկզբից մի դիմում` ուղղված Հարություն քհն. Գեռքչհյանին։ Նամակի տակ գրված է՝ Մ. Նալբանդյան։

Բարխուդարյանը ստացած բանաստեղծությունները հրատարակում է իր «Հանդեսի» երկրորդ (1889) և երրորդ (1890) գրքերում, երկրորդում` ութ հատ, հաջորդում՝ յոթ: Նա խոստանում է տպագրել և մնացածները, բայց իր խոստումը չի կարողանում կատարել։

Անկարելի է մտածել, թե Քուլուկ Հովհաննիսյանը «Տետրը» Բարխուդարյանին է հանձնել, նախապես դրանից հանելով ոտանավորների մի փունջ։ Եվ իսկապես, ընդհանուր գումարը 25 է։ Այդ գումարն ստացվում է «Հանդեսի» երկու գրքերում տպագրված 15 և «Տետրից» չտպագրված 10 ոտանավորներից: Անհայտ

421