ԵՐԱԶ
(էջ 93)
Հայնրիխ Հայնեի այս բանաստեղծության փոխադրությունը նալբանդյանը կատարել է ռուսերենից, Մ. Ի. Միխայլովի թարգմանությունից, տպված՝ «Cоврменник»-ում (1858, № 3, էջ 114), ապա լույս տեսած նաև առանձին գրքով («Песни Гейне, в переводе М. И. Михайлова», СПб, 1858). Բանաստեղծության վերջին հինգ տունը (սկսած 93 տողից) ավելացրել է թարգմանիչն ինքը, որ էապես փոխել է երկի բովանդակությունը: Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858-ի № ll-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։
Այս բանաստեղծությունը Հայնրիխ Հայնեի ամենավաղ կամ պատանեկան շրջանի գործերից է, որ մտնելով «Երազ» խորագրով փնջի մեջ՝ կազմում է նրա հռչակավոր «Երգերի գրքի» առաջին մասը: Ձեռք զարկելով զուտ քնարական այս երկի թարգմանությանը, նալբանդյանը փոխում է այն, ավելացնում է ևս 20 տող և նրան տալիս բոլորովին այլ ազգային բովանդակություն: Այժմ արդեն երգի քնարական հերոսուհին ոչ թե իրական, հողեղեն աղջիկ է, այլ սիմվոլիկ մի արարած՝ Հայաստանի ոգին: նոր ավելացված հատվածում հանդես է գալիս մի այլ ոգի ևս՝ առաջինի քույրը, որ իրեն անվանում է Անմիաբանություն։ Բանաստեղծությունն ստանում է այլ բովանդակություն և իմաստ։ Հայաստանի ոգին պահանջում է զոհաբերություն, և այդ զոհաբերությունն անխուսափելի է դառնում Անմիաբանության առկայությամբ։
ՄԵԾ ՄԱՅՐ
(էջ 97)
Այս բանաստեղծությունը Բերանժեի «Ma gradmere» երգի թարգմանությունն է, որ Նալբանդյանը հավանորեն կատարել է ռուսերենից և զետեղել «Հիշատակարանում» (տե՜ս «Հյուսիսափայլ», 1858, № 6, էջ 500)։
ՀՐԱԺԵՇՏ
(էջ 101)
Այս և հաջորդ ոտանավորները, որոնք գրված պետք է լինեն ուսանողական պարապմունքներն ընդհատելու կապակցությամբ, ունեն տարբերակներ: Սրանցից առաջինը՝ «Հրաժեշտ», առաջին անգամ տպագրվել է Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած «Անտիպ երկերում» (էջ 246), հետևյալ ծանոթագրությամբ. «Այս տողերը մի իմպրովիզացիա է, գրված, հավանորեն, 1859 թվական, երբ Այվազովսկու ամբաստանագրի շնորհիվ նալբանդյանը հարկադրված եղավ թողնել համալսարանը և խուսափել արտասահման» (էջ 299)։ Հեղինակի արխիվում պահպանվում է սրա լուսանկարի պատճենը, արդեն առանց վերնագրի և որոշ բնագրային տարբերություններով, որոնք հիմք են տալիս կարծելու, թե սա (արխիվում պահպանվածը) ոտանավորի նախնական տարբերակն է։