Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ստանալ կարելի չէ դորան» (Ստեփանոս Նազարյան, Նամականի, Ե., 1969, էջ 301):

Հաստատապես տպագրված, բայց չհրապարակված, հետագայում հիմնականում ոչնչացված գրքի համառ որոնումները շարունակվեցին արդեն մեր օրերում։

Հայտնի դարձավ, որ գիրքը տեսել են Պիմեն Զարգարյան գրավաճառի մոտ: Այնուհետև այն ընկել է Կահիրե, հետո ուղարկվել է Բեյրութ՝ Հայաստան առաքելու համար։ (Ըստ Վիևննայի «Հանդես ամսօրյայի» խմբագիր Հ. Պ. Պողոսյանի՝ բանասեր Պ. Հակոբյանին գրած նամակի)։ 1966-ին Բեյրութում գտնվող Մորուս Հասրաթյանը հրատարակիչ Վ. Սեթյանից ստանում է վիպակի մի լուսատիպ օրինակը։ Շուտով ստացվում են այդպիսի երկու օրինակներ ևս։

Գրականագետ Ս. Դարոնյանի շանքերի շնորհիվ պարզվում է հետևյալը. «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը նախ գտնվել է պոլսեցի գրավաճառ Գևորգ Զարդարյանի մոտ (արդյո՞ք Սվաճյանի օրինակը կամ նրա ձեռքով անցած)։ Այն հետո անցնում է սրա որդի Պիմեն Զարդարյանին, որը գիրքը հանձնում է իր եղբորը՝ կահիրեցի գրավաճառ Վահան Զարդարյանին։ Վերջինից գիրքն անցնում է գրասեր Ֆրանգյուլ Խանճյանին, նրանից էլ՝ քրոջ որդի Պետրոս Գրպաճյանին, որը և թանկագին նշխարքն ուղարկում է Հայաստան։ Գիրքն այժմ պահպանվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Հենց այս որոնված միակ օրինակից էլ վերատպվում է «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը «Հայաստան» հրատարակչության կողմից. Երևանում, 1971-ին։ Տեքստը տպագրության է պատրաստել Մ. Ս. Սաղյանը, առաջաբանը և ծանոթագրությունները պատկանում են պրոֆ. Ս. Կ. Դարոնյանին։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում մոսկովյան հրատարակությունը։ Դա փոքր չափի մի գիրք է, բաղկացած 96 էջից. առանց շապիկի և անվանաթերթի։ Մամուլներն իրար են փակցված ոչ թե տպարանում, այլ հետագայում, ոչ մասնագետի ձեռքով, և թղթով: Էջերի դրսի մասերը ոսկեզօծ են։ Առաջին էջի վրա կա Ֆ. Խանճյանի ինքնագիր ստորագրությունը։

Այն հանգամանքը, որ Վ. Սեթյանի լուսանկարած օրինակներում կա նաև գրքի անվանաթերթը և երկուսի մեջ էլ չկան հեղինակի ընդարձակ հառաջաբանը, մտածել է տալիս, որ հեղինակի՝ Պոլսի բարեկամներին հանձնած օրինակում այդ հառաջաբանն ընդհանրապես չի եղել (այսինքն՝ շարված է եղել այլ թվահամարով, ինչպես ճիշտ կռահում է Ս. Դարոնյանը)։ Ինչ վերաբերում է անվանաթերթին, ապա պետք է որ մնացած լինի Վ. Սեթյանի կողմից լուսանկարվելուց հետո, կամ նրա և կամ՝ Պետրոս Գրպաճյանի մոտ։

Վիպակի ներկա ամբողջական հրատարակությունն, այսպիսով, թվով երրորդն է։ Այն պատրաստված է գրականության և արվեստի թանգարանում պահվող միակ օրինակի հիման վրա, իսկ անվանաթերթը լրացված է ըստ Վ. Սեթյանի լուսանկարած օրինակների։

Ընդամենը երեքից չորս տարիներ են բաժանում «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը «Մեռելահարցուկ» անավարտ վեպից, բայց իրապես դրանք նույն հեղինակի ստեղծագործության տարբեր շրջաններում են գրված։ Վիպակը վերաբերում է մեր հեղինակի մինչ հյուսիսափայլյան շրջանի երկերի թվին (ոչ միայն, իհարկե, ժամանակագրական առումով)։ Նալբանդյանը այն անձերի թվին է պատկանում, որոնց ներքին հասունացումը տեղի է ունեցել բուռն, սրընթաց կերպով։

449

29-162