Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմը համարում է այն, «որ նա տալիս էր կյանքի տեսարաններ, ազգագրական պատկերներ» (էջ 166)։ Որտե՞ղ է տեսել ու կարդացել Լեոն վեպը։ Հետագայում գրած մի հոդվածում նա հետևյալ ծանոթությունն է տալիս. «Այս վեպը այժմ միանգամայն հազվագյուտ է։ Ինձ մոտ կա նրա, տարաբախտաբար, ոչ ամբողջական արտատպությունը Կ. Պոլսի «Մեղուի» մեջ («Հորիզոն», 1916, № 72):

Վերահրատարակելով Նալբանդյանի այս վեպը, «Մեղուի» խմբագիր Սվաճյանը դրան կցում է մի բացատրական, որտեղ ասված է. «Պ. Մ. Նալբանդյանց ասկե 13 տարի առաջ Նոր Նախիջևանի ժողովրդական կյանքեն առնելով «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով փոքրիկ գրքույկ մը գրեց: Այս գրքույկը նույնիսկ նախիջևանցվոց վկայությամբ մեծ օգուտ և ազդեցություն ըրած է այդ ժողովրդի վրա և այն նախապաշարմունքը, զոր խայտառակած է Նալբանդյանց, իսպառ ջնջվեցան քիչ ատենի մեջ ամեն կարգի ժողովրդի մտքեն։ Այս գրքույկը մենք ալ մեր թերթին միջոցով նորեն կհրատարակենք մաս առ մաս, թե՝ վերակենդանացնելու համար անոր այս հիշատակն ալ, որովհետև վաղուց սպառած է գրքույկը, և թե՛ անկե մեր ընթերցողաց ալ օգուտի համար» («Մեղու», 1871, № 56):

Այս թերթի 1871 թվականի մեր ձեռքի տակ եղած հավաքածուի մեջ, դժբախտաբար, № № 56—61-ը պակասում են։ № 62-ից արդեն Նալբանդյանի վեպին չենք հանդիպում։ Այդ համարները չկան նաև Վիեննայի Մխիթարյանների և Փարիզի Նուպարյան մատենադարանի գրապահոցներում։ Եվ քանի որ այս պակասող հինգ համարներում վիպակը չէր կարող ավարտված լինել, ուստի պիտի ենթադրել, որ դրանք բռնագրավվել են գրաքննության կողմից, իսկ հետագա տպագրությունն էլ դադարեցվել է: Ի դեպ, վիպակի «Մեղվի» արտատպության հատվածը Ս. Բաղյանի ծանոթագրություններով վերատպեց «Գրական թերթը» (1941, № 10), ապա մտավ «Երկերի լիակատար ժողովածուի» չորրորդ հատորի մեջ։

Այժմ ծանոթանանք վերջին հիսնամյակում գիտական շրջանառության մեջ դրված տվյալներին, որոնք, բնականաբար, ծանոթ չէին կարող լինել բանասիրությանը։

1857 թ, նոյեմբերի 7-ին Կ. Հայրապետյանին գրած նամակում Նալբանդյանը խնդրում է «Մինին խոսք, մյուսին հարսն» գրքի համար 400 ռուբլու բաժանորդագրություն կազմակերպել Նոր Նախիջևանում. «Հավաստի եմ,— գրում է նա,— որ դուք չեք հրաժարվիլ ինձ այսպիսի մի ազգասիրական օգնություն մատուցելուց, որով իմ տարևոր աշխատությունը պիտի կենդանանա ազգի համար, հավաստի եմ նույնպես, որ բավական կմնաք իմ աշխատությունից, որովհետև ամենայն մաքուր խղճմտանքով գործակատար եմ գտնված»։

Անկասկած, այդ օգնությունը հասնում է, և գիրքն էլ տպագրվում է, քանի որ 1858 թվականի նոյեմբերի 27-ին նույն Հայրապետյանին նա հայտնում է, թե՝ «գրյանք տպվեցին», և որ իրենք «պարտքի տակ» են։

Այս ամբողջ պատմության վրա լույս է սփռում Ստեփանոս Նազարյանի հեղինակավոր վկայությունը։ Պատասխանելով Հովհաննես Հովսեփյանի այն նամակին, որով վերջինս խնդրում է իրեն ուղարկել Նալբանդյանի գրքի մի օրինակը, Նազարյանը 1867-ի ապրիլի 3-ին գրում է. «Մինին խոսք, մյուսին հարսն» ասած գործը հանգուցյալ Նալբանդյանի մինչև օրս կապած ու կաշկանդած մնացել է տպարանում, որովհետև հեղինակը չկամեցավ դորան հրապարակ տալ, ուրեմն

448