Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՍՏՎԱԾ

Ո՜վ երկնային խաղաղություն, որ մեր խելքով չես չափվում,
Ճառագայթիդ և մեր հոգվո աչքն էլ բնավ չի դիմանում.
Դո՜ւ, որ բնությունը ստեղծեցիր, ինչո՞ւ իմ պարոն մարդին
Այն րոպեին ցույց չտվիր քո ստեղծվածք սուրբ ձեռին.
5 Սահման դրիր, չեն անցկենում, հազարավոր անցնի դար։
Մարդը քո գործը հասկանալու ամենևին չունի հնար.
Այն ընդարձակ բարձրությունից ամպը կաթ–կաթ ջուր ցողեց,
Ծարավին յուր ծարավն անցուց, հովտի մեջ գետը վազեց,
Նույն ամպումը փայլակ ու բոց ջրերի մեջ փայլեցան։
10 Կատաղած առյուծը վազեց մորին, մարդիկ ահից թաք կացան.
Զարկեց շանթը, գոռաց երկինք, հեղեղը չեղավ խափան,
Ծառի ծայրը դեռ վառվում է ջրի տակում իբր ի տան.
Եվ բնության չնչին մասն յուր պաշտոնը կատարեց,
Մանանեխը թռչնոց համար նիստ օթևան պատրաստեց.
15 Հետզհետե և կենդանիք, նաև անշունչ արարածը
Բերին մարդուն ընտիր զոհեր՝ կեր կամ զգեստ, պատարագ։
Ո՜վ խնամող և հաստիչ աջ, ո՜վ երկնային կառավար,
Ո՞վ է հաշվել, քանի՞ արդյոք քո առաջից անցավ դար,
Մենք՝ հող, մոխիր, դու մեր հաստիչ, դու մեզ տվիր միտք ու բան,
20 Քննել, տեսնել որչափ մեր խելքը կարող է մեզ տալ սահման։