անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի, օրինակ, Հովնաթանյանը վեպի մյուս կերպարների հետ։ Այս ցրվածությունը, միջանցիկ գործողության այս բացակայությունը թերևս ապագա վեպի ամենախոցելի կողմը լիներ, մի հանգամանք, որ դժվար թե հեղինակին հաջողվեր հաղթահարել, երբ առաջին գլուխները տպված էին արդեն։ Եվ արդյոք հենց սա էլ պատճառ չեղա՞վ, որ վեպը թերի մնա։
Հնարավոր է, իհարկե, որ դրա հետ միասին այլ հանգամանքներ էլ դեր կատարած լինեն։ «Մեռելահարցուկը» առաջին վեպն է մեր գրականության մեջ, որ ռեալիստական թանձր գույներով Երևան էր բերում հայ բուրժուազիայի և նրա ինտելիգենցիայի առօրյա կյանքն իր բոլոր հոռի կողմերով։ Անգամ այս պայմաններում, երբ մենք համարյա ոչ մի օժանդակ նյութ չունենք մեր ձեռքի տակ, հնարավոր է, կռահումների կարգով, իհարկե, ցույց տալ վեպի որոշ նախատիպերի, մանավանդ որ դրանք քիչ են ենթարկված գրական մշակման: Եթե մի կողմ թողնենք Կոմս էմմանուելին, որ ինքը հեղինակն է, ապա գրական տեսակետից հերոսներից ամենա հետաքրքրականը Հովնաթանյանն է, Մասիսյանի կերպարի այդ առաջին ուրվագիծը։ Ժամանակի մամուլն այդ անվան տակ ճանաչեց նորնախիջևանցի, բայց մոսկվայաբնակ, հայտնի հայ վաճառական Հովնանյանին։ «Նալբանդյանը,— գրում է Ա. Երիցյանը,— ատելություն ուներ պարոմ Խ... վաճառականի դեմ, և ահա այս պարոնը դառնում է Կոմս էմմանուելի հիշատակարանների ծաղրելու և հայհոյելու նյութը: Նույնը և հանգուցյալ Մսեր Մագիստրոսի վերաբերությամբ, նույնը պարոն Ա... հարուստ ընտանիքի վերաբերությամբ և այլն»։ Երիցյանի ակնարկած Ա. հարուստ ընտանիքը Հովնանյան ընտանիքն է, որին, ըստ ռուսական սովորության, կոչում էին Անանով։ Գուցե Հովնաթանյանի այս բնօրինակը միջոցներ է ձեռք առել Նալբանդյանի դեմ դեռևս «Հյուսիսափայլի» թարմ ամսատետրակը ձեռքին։ Երբ մի քանի տարի հետո Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր-Սարգսի» մասին նա գրում էր «ափսո՜ս և հազա՜ր ափսոս, հեղինակից կամ Հյուսիսափայլից կախում չունեցող պատճառներով ընդհատվեցավ, քանի որ կապվեց մի պարեգոտավորի անունի հետ, որ շատ կարելի է թե անաջողության էլ պատճառ դարձավ»,—իր «Մեռելահարցուկի» վիճակը չէ՞ր հիշում արդյոք։
«Մեռելահարցուկը» մեզ հիշեցնում է Գերցենի «Ո՞վ է մեղավորը» և Չերնիշևսկու «Ի՞նչ անելը», ընդհանուրը սրանց մեջ այն է, որ երեքն էլ պատկանում են հրապարակախոսական վեպի ժանրին։ Այս հանգամանքով պետք է բացատրվի սյուժեի ինքնատիպ կառուցվածքը։ Գործողությունը հաճախ կանգ է առնում, տեղի տալով ընդարձակ ու երկարաշունչ դատողությունների, մի կողմ է շեղվում, մոռացնել տալով ֆաբուլան։ Չբավականանալով դրանով, հեղինակը հաճախ մանրամասն մեջբերում է կատարում զանազան գիտական հարցերի կապակցությամբ, դիմում է լայնարձակ ծանոթագրությունների, որոնք ինքնուրույն արժեք ունենալով հանդերձ՝ ընթերցողին կտրում են երկից: Բանն այն է, որ Նալբանդյանը չի էլ ձգտել սովորական իմաստով սյուժետայի արձակի ստեղծման։ Նրա համար, վերջին հաշվով, պատմվածքի շրջանակը նեղ էր, քանի որ խանգարում էր անկաշկանդ խոսել բազմապիսի և բազմազան այն հարցերի վերաբերյալ, որոնք նրան զբաղեցնում էին, և որոնցով նա ապրում էր։ Նրա արձակը պետք է քննվի հրապարակախոսական վեպին հատուկ օրենքներով։ Նրանում քիչ են գեղարվեստական «հնարանքներ», եղածն էլ խստորեն ենթարկված է հեղինակի լարված գործող մտքին։ Նալբանդյանի տաղանդի հիմքը հրապարակախոսությունն է. նրա