Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոդված Երկրորդ և Վերջին

Այս հոդվածի մեջ պարունակվում են հետևյալքը՝ Հիսուսյան առաքելությունք Հնդկաստանի, Չինաստանի և Յափոնիայի մեջ. Պարագվայի աստվածպետական հասարակապետությունը. Հիսուսյանների ներգործությունը Ֆրանսիայի մեջ Ֆրանսիսկոս II-ի թագավորութենից ակսած մինչև կարգի նորոգությունը Պիոս VII-ի ձեռքով: Առաջին հոդվածի մեջ ես արդեն ասացի, թե կարգի գլխավոր խորհուրդը այն էր, որ ընդդեմ վերանորոգութեններին պաշտպան լինի պապականությանը և քրիստոնեություն տարածե Ասիայի և նոր հայտնագործած Ամերիկայի մեջ: Մեք տեսանք, թե հիսույանք, ի՛նչպես Տրիդենտյան ժողովի մեջ, երբ դեռ այնքան զորեղ չէին, որ ջոկեին հայտնապես յուրյանց օգուտը պապական աթոռի օգուտից, պաշտպան դուրս գալով պապական իշխանությանը, շատացուցին նորանից գանգատավորների թիվը, և դորանով իսկ պատճառ տվեցին վերանորոգությանը հաղթանակելու.- այժմ կտեսանենք նորանց իբրև շատ զորացած մարդիկ պատական կոնդակներով, որ ամենևին չէին մտածում ո՛չ առաքելությանց, ո՛չ պապի և ո՛չ մինչև անգամ քրիստոնեության վերա, այլ միմիայն աշխատում էին մեծացնել յուրյանց հասարակությունը, զորացնել և հարստացնել նորան: Ոչինչ աբեղայական կարգ չունեցավ այնքան առաքելությունք աշխարհի ամենայն մասներումը, որքան հիսուսյան կարգը. հիսուսյանք հարյուր հատորից ավելի գրեցին միմիայն այս ապացուցանելու համար, թե քրիստոնեությունը ո՛չ Հնդկաստանում, ո՛չ Ամերիկայում և ո՛չ Աֆրիկայում կարո՛ղ էր հաստատվիլ առանց նոցա գործակցությանը. և թե շատ հիսուսյանք մարտիրոսական մահով կնքեցին քրիստոնեական հավատի հաղթանակը այս աշխարհների մեջ: Բայց հիսուսյան առաքյալների բերանով քարոզված քրիստոնեությունը ավետարանական քրիստոնեություն չէր, ո՛չ առաքյալների և եկեղեցու առաջին վարդապետների քրիստոնեություն, և ո՛չ, մինչև անգամ, պապական քրիստոնեություն: Հիսուսյանք, քարոզելով քրիստոնեությունը զանազան աշխարհների մեջ, հարմարում էին նորան ժամանակի պահանջողությանը, աղճատում էին և փոփոխում էին, ինչպես կտեսանենք ահա ներքևումը: Եվ հիսուսյան մարտիրոսքը չէին մարտիրոսանում յուրյանց քրիստոնեական համոզման վերա, ինչպես էին առաջին դարերի մարտիրոսքը. այլ սոքա մարտիրոսանում էին կույր հնազանդության վերա, որ ունեին 124