Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի կարգի կամքը, ընտիր զինվորների նման, որ քաջությամբ մեռանում են, հնազանդվելով յուրյանց իշխանավորի հրամանին։ Ֆրանսիսկոս Կսավիե, որ անվանվեցավ «Առաքյալ Հնդկաստանի», առաջին քարոզիչը եղավ հիսուսյանների միջից։ Նա պորտուգալացոց նավատորմիղի հետ 1542 թվականին գնաց Հնդկաստանի Գոա մայրաքաղաքը Գանգես գետի այս կողմումը, և հետևելով յուր վարդապետի օրինակին՝ իսկույն մտավ այնտեղի հիվանդանոցը, սկսեց ծառայել հիվանդներին և ապրիլ ողորմութենով։ Յուր լիակատար իրավունքների մասին, որ ստացել էր պապական և պորտուգալական տերութեններից, հայտնեց Գոայի եպիսկոպոսին և ստացավ նորանից ևս թույլտվություն յուր իրավունքներին համեմատ ներգործելու։ Այս խորհրդով ուսավ այնտեղի հասարակ ժողովրդի խոսակցությունը և սկսեց երեխայք հավաքել և ուսուցանել, քարոզել ապաշխարություն, վարքի ու բարքի մաքրություն։ Նա այս բաները քարոզում էր Գոայի բնակիչներին, որոնց մեծ մասը քրիստոնյայք էին. մանավանդ զինվորվում էր բազմակնության ընդդեմ (Հնդկաստանի քրիստոնյայք շատ հարճեր պահում էին) և փոքր ի շատե կարողացավ դղրդել այս սովորության զորությունը։ Պորտուգալիայի տերությունը, տեսանելով Կսավիեի աշխատությունը ժողովրդոց վարքը ու բարքը մաքրելու մասին, հանձնեց նորան Գոայի նոր շինած սերմնարանի գլխավոր տեսչությունը, որ դարձավ հետո հիսուսյան ամենահարուստ և ամենամեծ կոլլեգիում։ Կսավիե ուղևորեցավ շուտով դեպի մարգարտաբեր ծովեզրը, ուր գտանվում էին պորտուգալացոց գաղթականքը։ Այնտեղի բնակիչքը հեթանոսք էին, Կսավիե չէր հասկանում նոցա լեզուն։ Նա սկսեց յուր գործը նորանով, որ պորտուգալացոց օգնությամբ ջարդեց, կործանեց նոցա կուռքերը, կռատունները, թափեց բոլորը ծովը, և նոցա փոխանակ կանգնեց եկեղեցիներ և ժամատուններ։ Այս ծովեզրից անցավ նա Տրավանկոր։ Այս շրջմոլիկ եվրոպացի մեծ բրամինի հրաշալի գործերի լուրը տարածվեցավ ժողովրդոց մեջ. ամենայն հասակի մարդիկ, ծերից բռնած մինչև մանուկը խուռն բազմութենով վազում էին նորա մոտ, որ տեսանեն այս հրաշալի մարդու երեսը։ Կսավիե վեր ելանում էր առհասարակ ծառերի վերա և այնտեղից քարոզում էր յուր քրիստոնեությունը հավաքված ժողովրդին։ Նա անխոնջ աշխատութենով ճանապարհորդում էր ամենայն տեղ և շատ անգամ ոտով, ոտով անցավ նույնպես Ցեյլոն, Պոլապատան, Մելանիուր և Մալակկա կղզիները քարոզելով Ավետարանը, և պորտուգալացոց օգնութենով կամա ակամա հեթանոսները քրիստոնյա շինելով։ Շուտով օգնություն հասան նորան նույնպես և այլ հիսուսյանք, որոնց մեջ երևելի

125