դարձավ Կրիմինալը։ Կսավիե սոցա մի մասնը թողեց Մալակկայում, իսկ ինքը գնաց Մորենյան կղզիները, ուր խաբեբայությամբ մկրտեց մի օրվա մեջ տասն երկու հազար մարդ։ Կասկած ունենալով, թե մի՛ գուցե այս մարդիկը նորից հեթանոս դառնային (ինչպես և պիտո է լիներ․ պատճառ՝ խաբեբայութենով էին մկրտված), խնդրեց պորտուգալացոց թագավորից, որ ինկվիզիցիո հաստատե այնտեղ, իսկ ինքը գնաց Ցեյլոն։ Վերջապես հասավ նա մինչև Կամորին հրվանդանը, որի բնակիչքը, շատ մոլյայլ լինելով յուրյանց հին կրոնի վերա, չնայելով Կսավիեի ջերմեռանդ քարոզությանը և պորտուգալացոց զինվորների բարբարոսությանը, չընդունեցին քրիստոնեություն և մնացին յուրյանց կռապաշտության մեջ։ Կսավիե թողեց աստեղ Կրիմինալը և ինքը գնաց Յափոնիա։ Կրիմինալը կրակով ու սրով ջնջում էր Ավետարան չընդունողները․ բնակիչքը, կորուսանելով յուրյանց համբերությունը, ապստամբեցան պորտուգալացոց ընդդեմ, և Կրիմինալը, հիսուսյաններին առաջնորդելով, որ միացած էին այն զորքի հետ, որ եկած էր այնտեղ ապստամբությունը շիջուցանելու համար, ընկավ պատերազմի մեջ մեռած։ Հիսուսյան կարգը քրիստոնեության առաջին նահատակ անվանեց նորան և խնդրելով պապից դասել տվեց նորան սուրբերի կարգը։ Կսավիե մի փոքրիկ նավով անցավ այս միջոցին հնդիկների ծովից և հասավ մինչև Յափոնիա։ Հիսուսյանք տեսան այստեղ մի նոր կրոն «բուդդականություն»՝ զինվորված սրբազան գրքերով և կենդանի ավանդություններով։ Կսավիե չսոսկաց դժվարութենից, և հազիվ թե ուսել էր յափոներեն քանի մի խոսք, սկսեց վիճել բոնզերի* և Յափոնիայի իմաստունների հետ։ Հալածվելով բոնզերից, արհամարհվելով և խայտառակվելով իմաստուններից և ժողովրդից, միտքը դրեց գնալ Չինաստան և այնտեղ քարոզել, հուսալով, որ թե հաջողի յուրյան ջնջել այնտեղ բուդդականությունը, Յափոնիան կհետևի Չինաստանին, ըստ որում նորա կրոնի կենտրոնը այնտեղ էր։ Կսավիե չընդունեց այն գումարը, որ պորտուգալացոց վաճառականները ընծայում էին նորան, և շտապեց հասանել Սայքամ կղզին, որ Չինաստանի եզերքումն էր։ Այստեղ իմացավ նա, թե Չինական կայսերությունը անմոտենալի էր օտարականներին, և թե դեսպանք միայն կարո՛ղ էին մտանել նորա մեջ։ Բայց այս դժվարությունը արգելք չեղավ Կսավիեին․ շուտով վերադարձավ նա Գոա և համոզեց պորտուգալացոց փոխարքային, դեսպանություն ուղարկել Չինաստան։ Դեսպան նշանակվեցավ մի պորտուգալացի հարուստ վաճա
- Բոնզ նշանակում է յափոնացոց աբեղա։
126