Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձամբ անձին կարդալով, զգան զանազան տպավորություն, յուրյանց ճաշակին և հասկացողությանը համեմատ։ Այդպես չէ․ ո՛չ ամենայն ընթերցող մարդ ազգի մեջ ունի այնքան գիտություն, հասկացողություն, որ կարողանա դատավոր լինել․ շատ բան, որ մի հեղինակ գիտությամբ թե անգիտությամբ դեպի չարն է գործ դրել, որ շատ հեշտ կարող էր հալած յուղի տեղ ընդունվիլ, բարեխիղճ կրիտիկոսը քննելով բացահայտ է կացուցանում և ցույց է տալիս այդ թերությունքը, բացում է ընթերցող հասարակության աչքը և դարձուցանելով նորա ուշադրությունը այս թերութենների վերա, իսկույն փակում է մոլորության ճանապարհը։ Միևնույն կերպով շատ մեծամեծ արդյունք, որ շատ անգամ չունեին յուրյանց վերա փայլուն զարդարանք, անհայտ են մնում հասարակությանը, որ միշտ որոնում է զանազան նորությունք և առհասարակ այնպիսի բաներ որ, զգալի ազդեցություն կարող էին գործել ընթերցողների վերա։ Հասարակությունը շատ անգամ ձևերի քամակից վազելով, հագուստ և զարդարանք որոնելով, յուր հոգու բոլոր կարողությունքը լարելով, որ գտանե և տեսանե հրաշալի, ազդու, և այլ սոցա նման ուղեղ գրգռող բաներ, սառնասիրտ է մնում դեպի գործի գլխավոր արժանավորությունը, որ ճշմարտապես ասեով, շատ անգամ հայտնվում է մարդկեղեն աշխարհի մեջ պարկեշտ կերպարանքով և այս պատճառով ևս չէ ընկնում ընթերցողների ուշադրության տակ։ Այսպիսի դիպվածներում է ահա կրիտիկայի հանդեսը, այստեղ երևում է նա յուր մեծ վայելչության մեջ․ նա ցույց է տալիս բացերն կերպով այն արժանավորությունքը պարկեշտ հագուստի տակ, որ անտես էին մնացած ընթերցողներից, և ցույց տալով այս արժանավորությունքը, զարթուցանում է ընթերցողների հոգին, գրգռում է և ջերմացնում է նոցա սիրտը դեպի այդ գործի ընդունելությունը․ երկրորդ, արժանապես գնահատելով այդ գործը, բարոյապես սրբում է աշխատողի ճակատի քրտինքը և քաջալերություն է տալիս նորան հառաջ խաղալ այդ ազնիվ ասպարեզի մեջ։ Սույնպես բարեմտաբար մատնացույց առնելով աշխատության մեջ գտանված պակասությունքը կամ անհիմն կարծիքները, լինում է զգուշացուցիչ առաջնորդ հասարակության համար և նույն ժամանակին առիթ է տալիս հեղինակին ուղղելու և կատարելության տալու յուր գործին, որով անտարակույս օգտակար է լինում և՛ հասարակությանը, և՛ հեղինակին։

Առողջ բանականությունը ցանկանալով մարդկային ազգի օրեօր ավելի հառաջադիմությանը, խորհրդով ցույց է տալիս թերությունները

176