հեղինակը պախարկելի էր, ըստ որում հառաջ փակեղզ է կրել, այժմ բոլորչի գլխարկ, կամ երբեմն լայն վարտիք է հագել և այլ այսպիսի ցնդաբանությունք: Այժմ հարցանում ենք. մեղավո՞ր է մեր ժողովուրդը, եթե մեր պատվելի սխոլաստիկները հասկացրել են նորան, թե կրիտիկան բամբասանք է կամ նախտինք (пасквиль). գրել են մի այսպիսի հիմար բան և ասել են ժողովրդին, թե ահա այս է կրիտիկան. մի՛թե կարելի՞ է դատապարտել մի մարդ, եթե սորան, որ յուր օրումը չէր տեսած ոչ սիրամարգ և ոչ արագիլ, չարամիտ մարդիկ ցույց տալով մի արագիլ, հավատացրած լինեին նորան, թե այս է ահա սիրամարգը. այսպիսի վատաբախտ դիպվածում մեք չենք դատապարտում այն մարդը, որ յուր խղճմտանքը ուրիշի խղճտմանքի վերա դնելով խաբվել էր յուր տգիտությամբը, որովհետև նորա հավատը դեպի մյուսը չարաչար գործ էր դրել յուր ընկերը: Իհարկե, եթե մի կենդանաբանի ցույց տաս մի սիրամարգ ու արագիլ, թեև սա թաքցնե յուր կարմիր կտուցն ու ոտքերը, այնուամենայնիվ այն բնագետը իսկույն կորոշե միմյանցից այդ երկու թռչունքը և կասե. այս սիրամարգ է, և այն՝ արագիլ: Այսպես ահա մեր ժողովուրդը յուր կորիֆեյ ճանաչված սխոլաստիկների շնորհքով մեղավոր է կրիտիկայի առաջև, որովհետև սխալ կարծիք ունի նորա վերա, թեպետ նա մի սուրբ բան է: Այո՛, կրիտիկան մի սուրբ և անկողմնապահ դատաստան է, մի այնպիսի դատաստան, որի առաջև միևնույն են բարեկամ և թշնամի, որ և մի անաչառ դատավորի նման քննում է մի գործի արժանավորություն և պակասություն. նա վերահասու է լինում գործին ամենայն հիմնավորությամբ, տեղեկանում է նորա խորհրդին և վճռում է, թե ի՞նչ չափով ու սահմանով կատարել էր հեղինակը յուր պարտականությունը: Այսպիսի խելացի և բազմակողմանի վերահասություն առնելուց հետո, տալիս է կրիտիկան յուր արդարացի հարկը մի այդպիսի աշխատության, միտ դնելով դորա որպիսությանը միայն և ուղիղ պահելով արդարության կշիռը դեպի որևիցե հեղինակ, թե բարեկամ և թե թշնամի. այո՛, նա գիտե պատվել և թշնամու արժանավորությունը: Ի՞նչ հարկավոր է կրիտիկա. ամենայն մարդ կարդալով մի շարադրություն, արդեն կհասկանա բանի զորությունը, մանավանդ որ կրիտիկան չտարածելով մի ընդհանուր տպավորություն բոլոր ընթերցողների հոգու վերա, ազատ է թողնում նորանց, որ յուրանքանչյուրքը ան
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/175
Արտաքին տեսք