մտածել, թե ինքը ևս լուսավոր ազգերի կարգումն էր աշխարհի երեսին, կամ թե նորա գոյությունը մի խորհուրդ ուներ, համեմատելով ընդհանուր մարդկության հետ։ Մեր սիրտը արյունով է լցվում այս ճշմարտությունքը ասելու ժամանակ, որովհետև մի չար բախտով այս րոպեիս այնտեղ ենք հասած, որ չենք կարող առանց մեր խղճմտանքը արատավորելու ասել, թե մեր ազգը ունի մատենագրություն: Ի՞նչպես թե չունի մատենագրություն. վիեննացին այնտեղ, յուր կարծեցյալ իրավասությունը հայերի վերա հաստատելու համար, բարձրաձայն գոռում է, «չվախնանք, չվախնանք, աչքերս մատենագրության վերա դարձնելու», որպես թե կար մատենագրություն, և այն շատ ծաղկած՝ մխիթարյանց շնորհքով*։ Այդ վիեննացու քարոզած մատենագրությունը դանակով կտրած բաժանած է ժողովրդից. դա ազգի հոգու բխվածքը չէ, այլ մի դիմակավորված անձնավորություն. իսկ այն մատենագրությունը, որ անքակտելի կապված չէ մի ազգի հոգու հետ, այն մատենագրությունը, որի մեջ իբրև հայելու մեջ չէ երևում ազգի կյանքը, նորա և ամենանուրբ գծագրությունքը, այդպիսի մի մատենագրություն, թո՛ղ ներեն մեզ այսպես ասել ճշմարտությունը, նման է ճիզվիթների կրոնավորությանը... այդպիսի մատենագրությունը այնքան դաստիարակիչ կլինի ազգին, որքան մի խորթ մայր օտարի զավակներին։ Արդյոք մեր կողմից հանցանք չէ՞ր այսպես ձայն տալ մեր հին մատենագրության վերա, այս խնդիրը վճռելու համար կրկնում ենք սորանից հառաջ ասածներս, թե մատենագրությունը բանականության պահարանն է. եթե հայոց ազգի անդամքը յուրյանց բանականության բխվածքը կարող են մասնավորել միմյանց այն լեզվով, որով հառաջ է գնացել մինչև այժմ մեր աբեղայական մատենագրությունը, ապա մեք դատապարտության արժանի ենք. իսկ եթե, դորա հակառակ, ժողովրդին անմոտենալի է այդ պահարանը, եթե նա չունի բանալիք այդ փակած պահարանի համար և չէ կարող հասկանալ, թե ի՞նչպես էր յուրյանից հառաջ ազգի բանականությունը, եթե նա մի հոգևոր շինություն չէ կարող ստանալ նորանից, ի՞նչ հանցանք է ասել, թե մատենագրությունը դանակով կտրած բաժանած է ժողովրդի կյանքից, ուրեմն ի՞նչ հանցանք է ասել, թե ժողովուրդը չունի մատենագրություն, որի մեջ երևեր նորա կյանքր, նորա երեսի և ամենանուրբ գծագրությունքը.
- «Հյուսիսափայլի» հետևյալ համարների մեջ կհրատարակենք մեր հայացքը Մխիթարյանց վերա, կքննենք նոցա գործունեությունը և սորա շարժառիթը. հետո ցույց կտանք այդ միաբանության հարաբերությունր դեպի մեր ազգը։
178