Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ հանցանք է ձայն տալ մեր հեղինակներին, թե պիտո էր հրաժարվելով հնախոս հայկաբանի ունայն փառասիրութենից, աշխատել կենդանի ժողովրդի կենդանի բարբառը մշակելու, որով անտարակույս հառաջ կերթար մեր ազգի լուսավորությունը, և թե վերջ ի վերջո պիտո էր հասկանալ, թե մատենագիր հեղինակը գործ ունի ոչ թե մեռած գնացածների հետ, այլ այժմյան կենդանի ազգի հետ, որի կյանքի պայմանները լինելով ամենևին այլայլված ու փոփոխված, ուրեմն և դորա հայտարար ձևերը, որոնց մինը և առավել գլխավորը լեզուն է, որ պիտի հարմարվի կյանքի որպիսությանը: Ամեն մարդ գիտե, որ Լոիդովիկոս Տասն և չորսերորդի օրերում գործածական զգեստերը և հագուստները այժմ ոչ ոք չէ կրում, ըստ որում հնացած ու անպատշաճ էր երևում. ի՛նչ ենք ասում Լուդովիկոս Տասն և չորսերորդի օրերում. տարուց տարի նորաձևությունը հարկադրում է մեզ բաց ձգել այն զգեստը, որ մի-երկու տարի հառաջ հագած էինք, և պատրաստել տալ մեր համար այնպիսի զգեստ, որ առհասարակ կրում էին մեր ժամանակակիցքը. եթե նյութական զգեստը այսպես, ապա ի՞նչ զարմանք, որ մտքի զգեստը, որ լեզուն է այդքան դարավոր ժամանակաների մեջ պիտո է փոփոխված լինի․ լեզուն ենք ասում, որ մի կենդանի, հոսանուտ բան լինելով, համարյա թե ամենայն րոպե փոփոխության և նորոգության տակ է։ Մեր խղճմտանքը մաքուր է․ և մեք հետևելով մեր խղճի ու բանականության առողջ թելադրությանը, պարտականություն ենք համարում մեր վերա հրապարակով քարոզել, թե նոր ահա բացվում է կենդանի ժողովրդի կենդանի բարբառի արշալույսը։ Այժմ ծանոթացնենք մեր ազգը գերապատիվ Նազարյանցի Նոր հայախոսության հանդեսի հետ, որի առաջին հատորը ինչպես վերևումը ասացինք, բավական վաղուց արդեն դուրս եկած լինելով, երկրորդը ևս այս օրերումս դուրս կգա՝ մեր ժողովրդական աղքատիկ, բայց հարազատ և բուն մատենագրությունը ճոխացնելու համար։ Առաջին հատորը, որի վերա է այժմ մեր խոսքը, ազգի փոքր ի շատե գրագետ և բազմության և զարգացած մանուկների համար է, մի ընտիր, պատվական գիրք ընթերցանության։ Նորա միջի հոդվածքը բազմօրինակ և զանազան նյութերի վերա լինելով, տարակույս չկա, որ ամենայն ընթերցող կարող էր քաղել նոցանից օգտավետ ուսումն և քաղցր, ազնիվ զբոսանք։ Այդ խորհրդով տպած եվրոպական գրքերից և ոչ մինի մեջ չեն գտանվում այդպես մի տեղ ամփոփված այդքան ընտիր և գեղեցիկ նյութեր ընթերցանության համար, որքան այդ գրքի մեջ․ պատճառ,

179