Վրաստանի և Հաշտարխանի թեմակալ Կարապետ և Սերովբե արքեպիսկոպոսների հետ հարուցել էր կաթողիկոսը անվերջանալի վեճ և խռովություն, որ ոչինչ խորհուրդ չունեին վերաբերությամբ դեպի հայոց ազգային օգուտը և եկեղեցու պայծառությունը։ Այս իրողութենների մեջ ահա ժամանում է Ապովյանը Էջմիածին․ բայց ինչպես պատմում էր հանգուցյալը, Ապովյանը մինչև Փարաքար գեղը, որ գտանվում է Երևանի և Էջմիածնի մեջ, ունեցել է սրտումը մի հաջողության հույս, իսկ որքան մոտենում է Մայր Վանքին, այնքան ևս զորանում է երկմտությունը նորա մեջ, նորա հոգին գուշակում է գալոց անհաջողությունը։ Շատ մեծ է անկեղծ և առաքինի հոգիների բնական ազդեցությունը։ Այս անգամ շատ սառն կերպով ընդունում է նորան կաթողիկոսը, որպես երբեք չեր ընդունած․ և Ապովյանի հարցմունքին, թե վեհափառ տեր, ի՞նչպես է ձեր կամեցողությունը ուղարկելի աշակերտների մասին, պատասխանում է կաթողիկոսը․ «Օրհնա՛ծ, ի՜նչ անհանգիստ մարդ ես․ քեզ մի բան ասացին, այլևս ձեռք չես վեր առնում դու»։ Այս մի զարկով մի վայրկյանի մեջ փորեցին ու քանդեցին Ապովյանի հույսերի հիմքը, որոնց ավերակքը լվացվեցան հետո առաքինի հոգու ազգասիրական արտասուքի հեղեղով։ Գիտենք, որ, մերկապարանոց կացուցանելով այս իրողությունքը, պիտո է համարվինք ազգային ամոթի մերկացուցիչ․ պիտո է վատամարդիկ դառնանք մի քանի նեղսիրտ, պղտոր տեսությամբ պարոնների առաջև, որ ծածկելով ազգի պակասությունքը, խառնափնդորում էին ամենայն դատողությունք, հանցանքը որպես առաքինություն ձևացնելով և առաքինությունը որպես հանցանք․ բայց մեք, որպես ուսումն և խրատ ամեններիս համար, պարտական ենք տեղեկանալ մեր բարոյական ցավերին ու խոցերին, և այդպես վեր քաշել մի վարագույր, որի տակ ամենայն զգուշությամբ աշխատում էին տգետ մարդիկ թաքուցանել ճշմարտությունը: Հայտնի է մեզ լատինական առածը, «Մեռածներե վերա կամ լավ, կամ ոչինչ խոսել»․ բայց մեր դատաստանի առջև ավելի հարգ ու արժանավորություն ունի ազգի բուն օգուտը և նորա հառաջադիմության շարժառիթքը։ Խնդրում ենք այդ պարոններից, որ բամբասելու էին մեզ, ձեռքը սրտի վերա դրած վկայել մեր ասածին, և խղճմտանքով և առանց կողմնապահության դատաստան առնել․ բայց ուշաբարձությունը սովոր է հրաժարվիլ ամենայն պայմանից․ այդպիսի վատաբախտ դիպվածում ևս մեր հոգին հանդարտ է և խղճմտանքը հանգիստ։ Մեք գիտենք, որ ապագայքը, որ կարող էին սառն սառն աչքով նայել անցած գնացած իրողութենների վերա և ամենայն բանի տալ յուր արժանի վարձը, գնահատելու են մեր խոսքերը և արդարացնելու մեր անձը. փույթ չէ, որ այն ժամանակ դրած կլինինք հողի տակին հավիտենական քնով հանգստացած:
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/187
Արտաքին տեսք