Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կրթե նորան հանքային ջրերով բժշկելու մեջ, որովհետև իշխանությունը մտածում էր ուղարկել նորան Կովկասու Բորժոմ ասացյալ տեղը, ուր դիմում են անհամար հիվանդներ, հանքային ջրերով բժշկվելու համար զանազան ցավերից: Պ. Ինոզեմցովը ճանաչելով նորան որպես ընտիր ուսած աշակերտ, այլև միտ դնելով դեկան Անքե վարդապետի վկայությանը, սիրեց նորան իբրև մի բարի անդամ մարդկության բարեկամ ընկերությանը, և առաջարկեց պ. Կրեյզեր բժշկին ընդունել նորան յուր հիվանդանոցի մեջ, ուր բժշկվում են սառն ջրով, որպես բանագետ բժիշկ: Այս երկու պաշտոնների մեջ ևս նա գրավել էր բոլոր ընկեր բժիշկների և վարդապետների սերը դեպի ինքը և այնպիսի մեծ-մեծ քայլերով հառաջ էր խաղում յուր ասպարիզումը, որ շուտով ահա և առանց տարակուսի ստանալու էր վարդապետության աստիճանը: Բայց այլապես էր նախախնամության կամքը: Հանգուցյալը պարապելով անդադար և ել ու մուտ առնելով պ. Կրեյզերի հիվանդանոցի մեջ, ուր, ինչպես ասացինք, միայն սառն ջրով են բժշկում, մրսեցավ քանի անգամ, զորացուց յուր թոքախտությունը (բարակացավը), որով և շտապեցուց յուր ցավալի և կսկծալի վախճանը: Անցյալ 1857 թվականի դեկտեմբերի սկզբումը արդեն կարողություն չուներ տանից դուրս գալու. տկարությունը զորանում էր առավել և առավել, մինչև որ պ. Ինոզեմցովը խորհուրդ տվեց նորան տեղափոխվել դեպի կայսերական համալսարանի հիվանդանոցը, ուր ավելի խնամարկությամբ կարելի էր դարման տանել ցավին: Հնագուցյալը հունվարի սկզբումը տեղափոխվեցավ դեպի հիշյալ հիվանդանոցը. բայց բանը բանից անցել էր ահա: Շուտով սաստիկ արյունահոսություն բացվեցավ նորա թոքերից, որ խլեց նորա ձայնը և քամեց վերջին զորությունքը: Փետրվարի 16-ին, առավոտյան 6 ժամին, այլևս չկար նա կենդանի մարդերի կարգում, մայր մտավ նորա արևը... Մահից քանի օր հառաջ, մինչ տկարությունը զորանալով զորանում էր, նորա մտածությունը էր միայն յուր մայրը, որի մասին խնդրում էր յուր և մեր բարեկամ, պատվելի բժիշկ Հարություն Հովհաննիսյան Մարկոսյանից, որ անխնամ չթողու նորան: Փետրվարի 18-ին, առավոտյան ինն ժամին, բոլոր հայ ուսանողքը Մոսկվայի կայսերական համալսարանի և հանգուցելու մերձավոր և հեռավոր ծանոթքը և բարեկամքը հավաքված էին համալսարանի հիվանդանոցի մատուռի մեջ, ուր դրած էր հանգուցելու մարմինը: Եկեղեցու ուխտը, հոգեհանգիստ կատարելով այնտեղ, հառաջ շարժվեցավ

191