մարդիկը, որ գուցե և չգիտեին յուրյանց բարոյական արժանավորությունը, չգիտեին թե յուրյանց մարմնի մեջ կա մի աննյութ էակ. այս մարդիկը, ասում ենք, եթե վշտանում էին նյութականապես, որոնում էին նյութական հնարներ այդ վիշտը և ցավը փարատելու համար, բայց եթե այդ վշտերն ու ցավերը երևեին նոցա մեջ հոգևորապես, տարակույս չկա, որ նյութական հնարները անպետ էին, ուրեմն ի՛նչ կերպով և ո՞ւր պիտո է որոնեին յուրյանց վշտի և ցավի դարմանը, եթե ոչ մի գաղափարական և աննյութ աշխարհի մեջ. կրոնն էր այդ գաղափարական և աննյութ աշխարհը, այնքան անհրաժեշտ հոգու համար, որքան երկրի նյութական տարերքը մարմնի համար։ Մարդը մարմին չէ միայն, այլև ունի յուր մեջ մի աննյութ էակ՝ Հոգի, և ինչպես մարմինը կարող է այնքան ավելի ապահով կացուցանել յուր ամբողջությունը, յուր բարօրությունը, մի բնական կարգով սահմանված ժամանակամիջոցում, մոտ և հպատակ մնալով բնության օրենքներին, նույնպես հոգին պիտո է գտանե յուր համար մի աննյութական աղբյուր, մի գերբնական և հավիտենական կյանքի կենտրոն, սա է արարիչը, ստեղծողը հոգու և մարմնի, նախախնամողը և բոլորի հայրը, որին մոտ և հպատակ մնալով մարդը, պիտո է հավիտյանս հավետենից ապահովեր յուր անանցանելի երանությունը։ Այս կյանքի կենտրոնը որոնելը և նորա գոյության և լինելության վերա հույս և հավատ ունենալու սերմերը տնկած էին մարդու հոգու մեջ, երբ սա առաջին անգամ երևել էր աշխարհի երեսին։ Այնուհետև բնական ազդեցությամբ հետևելով այս ձգտողությանը, մարդկային զանազան ընկերություններ զանազան ձևերով և տեսակ-տեսակ զգեստներով, յուրյանց լուսավորության և հասկացողության համեմատ, ստեղծագործեցին գաղափարներ այդ կենդանության աղբյուրի մասին՝ Աստուծո մասին։ Թե ի՛նչ կերպով աստուծո մասին հասկացողությունը, ուրեմն և կրոնը, ժամանակ առ ժամանակ կերպարանափոխ է լինում, թե ի՛նչպես մարդկային բանականության հետ ձեռք-ձեռքից բռնած հառաջ է խաղում, թե ի՛նչ վերանորոգութենների է ենթարկվում, այդ բոլորը չեն մտանում լուծանելու համար մեր առաջև դրած խնդրի մեջ. դոքա ավանդվում են կրոնների պատմության մեջ, որ այս րոպեիս ժամանակ չունինք հանդես բերել։ Մեք այսչափ խոսելով կամեինք ցույց տալ, թե ո՛րքան անհրաժեշտ է կրոնը մարդու համար, այո՛ նույնքան ևս բացահայտ է, որ ոչինչ մարդ չէ կարող ապրել առանց կրոնի. թող լինի նա անաստված, ամենաաստվածյան, նյութապաշտ, ինչ կամի, թող լինի, թույլ կամ
246