Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևանալը չէր մի դիմակ, պահպանող աշխարհի հանգամանքներից, եվրոպացի թագավորների, այո՛, և ազգերի երեսից։ Ահա այն սկզբունքը, որոնց մեջ աճել է Մխիթարյան ընկերությունը, ահա այն դայակը, որի հյութախտությամբ վարակված կաթը ծծելով կերպարանագործվել էին հայկական ջատագովքը պապականության. տեսանելով այս, որպես մեք, նույնպես և ամենայն անաչառ մարդ մեր ընթերցողներից համաձայնելու չէ գերապատիվ Գաբրիել վարդապետ Այվազյանի հետ, թե Մխիթարյանց պապականությունը լոկ դիմակ էր, թե ամենայն րոպե կարելի էր վայր ձգել երեսի վերայից այդ խավարատեսիլ դիմակը։ Ընդդեմ չենք, գուցե լինին մարդիկ դոցա մեջ, որոնց հոգու բարոյական զորությունը մեծ լինելով, այլև արտաքին կերպով (կեղծավորաբար) պապական ձևացած լինելով, կարող էին մի խորհրդավոր ժամում դուրս երևեցուցանել յուրյանց սրտի և հոգու վկայությունը և այս կերպով բաց ձգել պապականության լուծը յուրյանց պարանոցի վերայից, բայց այս մի այնպիսի բան է, որ հարյուր անգամ արժանի էր կասկածանքի և երկբայության տակ ընկնելու։ Մեք խոսում ենք այսպես ճիշտ կրոնական մտքով. ընդհանրապես չէ կարելի ասել, որովհետև աշխարհի հանգամանքները երբեմն շատ բաներ ստիպում են կատարել, թեև մի այդպիսի մարդ ամենևին պատրաստված չէր յուր հոգու տրամադրությամբ։ Մեք ամենայն հոգով ցանկանում էինք մեր ազգի կրոնական միությանը, ուստի և գրկաբաց ողջունելու ենք մի մարդ, որ փախչելով օտար դայակի գրկից, վազեր դեպի յուր ծնող բուն հայկական եկեղեցին:

Բ

ՄԽԻԹԱՐՅԱՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդու, մի ընկերության կամ մի ամբողջ ազզի բարոյականություն երկու աղբյուր ունի. առաջինը և գլխավորը՝ կրոնը, երկրորդը լուսավորությունը. թեև կարելի էր երրորդ աղբյուրի տեղ դասել և քաղաքականությունը, բայց քաղաքականության ուղղղությունը անմիջական հետևանք է կրոնի և լուսավորության։ Եթե ճիշտ, լոգիկաբար քննենք, և լուսավորությունը հետևանք է կրոնի, ինչպես նախընթաց գլխումը ասել ենք, ուրեմն Մխիթարյանց բարոյականության տարերքը որոնելու համար դարձյալ պիտո է մեզ դիմել դեպի նոցա կրոնը, որ է

261