Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լու համար։ Հիշյալ եպիսկոպոսը, տեսանելով ակներև վտանգը, գնացել է իսկույն և դարձել պապական, սկսանելով այնուհետև պապական եկեղեցու մեջ պախարակել հայոց ազգը և եկեղեցին: Նույն Արշալույս օրագրի մի այլ թերթի մեջ տեսա, որ հրատարակում են այդ կրոնադրուժ եպիսկոպոսի վերստին դարձը դեպի հայոց եկեղեցին և հպատակական նամակ գրելը Կոստանդնուպոլսի ամենապատիվ պատրիարքին։ Լրագիրը ամենայն ուրախությամբ հոգու խոսում է այս վերադարձի վերա, որպես թե մի մեծ գանձ էր գտել հայոց եկեղեցին։ Ես շատ տխրեցա կարդալով այդ լուրերը, տխրեցա, ասում եմ, նորա համար, որ եկեղեցու մեջ անկարգություն պատճառող մի մարդ վերադարձել է դարձյալ մեր եկեղեցին։ Այսօր լսեցի իմ բարեկամներից, որ դույն այդ լուրերը հրատարակվել են Հայաստանի մեղուի 26 և 27 համարների մեջ. դորանից հետո կտրվեցավ արդեն համբերությունս և ստիպվեցա գրիչ վեր առնուլ ձեռքս, այդ լրագրերի հրատարակողների ընդդեմ։ Ասացեք, աստուծո սիրուն, ի՛նչ մի ուրախություն է հայոց եկեղեցու համար, եթե նորա մի փտած անդամը, որ դուրս էր ընկել ամբողջի կազմածից, վերստին միանում է նորա հետ. ի՛նչ մի ուրախանալու բան է, եթե մի եպիսկոպոս, փառասիրությամբ պակաս չմնալով յուր անվանակից Նիկոլից, փախչելով արդարացի պատուհասի երեսից, պապական դառնալով և ազգն ու եկեղեցին անարգելով, այդպիսի մարդ, ասում եմ, բերանին համ չտեսանելով պապականութենից, դարձյալ վազում էր դեպի հայոց եկեղեցին, վաղուց ահա գուշակած լինելով գուցե, թե ազգի կարճատես անդամքը սիրելով ողջունելու էին յուրյան: Եթե վերևում հիշված լրագիրքը այդպիսի ուրախություն են ցույց տալիս ազգի և եկեղեցու կողմից այդ մարդու վերադարձի վերա, ասել է, թե ազգը և եկեղեցին այդ ուրախության չափով տրտմած էին նորա պապական դառնալուց։ Իմ կարծիքով՝ ուրախանալ պիտո էր նորա պապական դառնալու վերա, որովհետև մի այդպիսի, ազգին և եկեղեցուն անհարազատ, փառասեր և ինքնակոչ մարդ, ինքը զգալով յուր անարժանությունը մնալ հայկական ուղղափառ եկեղեցու մեջ, գլուխն առել ու կորել էր դեպի պապական եկեղեցին, թո՜ղ գնար… սև քարը քամակից։ Ազգը և եկեղեցին կարոտություն չունեին մի այդպիսի գայթակղության պատճառող մարդու։ Մեծ զարմանք, որ նորա վերադարձը այդպիսի ուրախության պատճառ է եղել հիշված լրագիրներին. նորա գնալուց ի՛նչ վնաս կամ

290