Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարելով քան թե պատարագի ահավոր խորհուրդը, մինչ քահանան ժողովրդով հանդերձ հիշում էր Հոր Աստուծո առաջև Նորա Որդու մահը, մինչ ժողովուրդը եկեղեցացել էր մի հոգևոր շինություն ստանալու համար, այդպիսի մի մարդուց, ասում եմ, որ քարշում է քահանայի շուրջառից և ստիպում է կիսատ թողուլ պատարագը, վկա է աստված, որ ամենայն չար և ազգավնաս բան հուսալի է։ Եվ վա՜յ մեզ, եթե այն տեղն էր հասել մեր բանը, որ կարոտություն ունեինք մինչև անգամ մի այդպիսի մարդու։ Կրոն ասացյալը, հավատ ասացյալը խաղալիք չէ, և պիտո է ընդունել կամ ուրանալ սրտի և հոգու վկայությամբ. և եթե այդ եպիսկոպոսը սրտի վկայությամբ ընդունել էր պապականությունը, ի՞նչ պատճառով ուրեմն ետ եկավ դարձյալ մեր եկեղեցին. ասել է, թե այդ մարդու համար, չնայելով որ նա եպիսկոպոս էր և կամեր դեռևս առաջնորդել մի հավատացյալ հասարակության, կրոն ասացյալ բանը ոչինչ հարգ ու արժանավորություն չունի. ուրեմն դա մի անբարոյական մարդ է և առանց սրտի և հոգու վկայության, միմիայն հանգամանքներին հարմարվելով, փոփոխում է յուր կրոնը։ Կրոնը օրացույց չէ, որ տարին մի անգամ փոխես. «Յո՛ր կոչումն կոչեցար, ի նմին հաստատուն կացջիր»,— ասում է առաքյալը։ Հույս ունիմ, և խաբված չեմ, որ մեր ազդի այն անդամքը, որ ստուգապես ճանաչում էին ազգի պատիվը, համաձայնելու են իմ հետ. գուցե նույն ինքն այդ Նիկողայոս եպիսկոպոսը համաձայնի և պիտո է համաձայնի, եթե նորա սրտի մի անկյունում մնացել էր դեռևս մի փոքր կայծ խղճմտանքի։ Կցանկանայի, որ այդ եպիսկոպոսը կարդար այս իմ նամակը և փոխելով յուր վարքը ու բարքը, այլև ուսանելով յուր կոչման արժանավորությունը, գո՛նե այսուհետև պողոսանալով սրբեր յուր վերայից այս աղտեղի արատավորությունը և մի փոքր պարզացներ յուր վերադարձի վերա տղայական պարզահոգությամբ ուրախացողների երեսը, որոնք նորա շնորհքով ընկել էին ահա մեղադրության տակ։ Խնդրեմ ընդունել իմ խորին հարգությունը դեպի Ձեզ,

որով մնամ

սիրական ազգիս, եկեղեցուս և պատվականությանդ անձնանվեր խոնարհ ծառա

Սերովբե Խաչատուրյան Շահբեգ

292