Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգը չէ կարող լինել առանց ազգության։ Եվ եթե պատահում է տեսանել մի մարդ առանց անձնավորության կամ ազգ առանց ազգության, այդ մի ողորմելի և թշվառ երևույթ է, անօգուտ յուրյան և ուրիշներին: Անձնավորությունը ոչ թե միայն խափան չէ, այլ դորա հակառակ, նա միայն հնար է տալիս ազատ և կատարելապես հասկանալ մյուս մարդը, ուրիշ անձնավորությունք։ Այսպես ևս մի ազգի սեփական ազգությունը հնար է տալիս նորան հասկանալ ուրիշ ազգությունք, և ուրիշ ազգությունները հասկանալով և գնահատելով, չքանում է մի ազգության եսական, ֆանատիկոս և անմարդի բնավորությունը: Որ տեղում չքանում է ազգությունը, այնտեղ չքանում է նյութապես կամ բարոյապես և ինքը ազգը։ Ազգությունը է մի կենդանի և ամբողջ զորություն, որ ունի յուր մեջ մի կյանքի պես անըմբռնելի բան. և հոգին, և ճարտարապետական արարչությունը, և մարդկային բնությունը, և, մինչև անգամ, տեղի (աշխարհի) բնությունը մասնակից են այս զորությանը։ Կարելի է հակառակախոսել ազգության ընդդեմ, թե սահմանավորված է, թե նորա մեջ կարող են լինել մասնավորությունք, բայց այդպիսի դիպվածում մասնավորությունը է չարաչար գործադրություն։ Մի ազգություն մասնավորութենից և եսականութենից ազատվելու համար չէ՛ պիտո ջնջէ յուր ազգությունը, դորա հակառակ, հարկավոր է խոստովանել ամենայն ազգություն։ Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ։ Այստեղ է ահա մասնավորության չարաչար գործադրությունը, այս բանի մեջ է եսականության անսուրբ տարրը։ Արդարությունը պահանջում է խոստովանել ամենայն ազգություն, այո՛, ամենայն ազգություն, որովհետև նոցա միավորութենից բաղկանում է ընդհանուր մարդկության կազմվածքը։ Մի ազգ, որ կորուսանում է յուր ազգությունը, դուրս է ընկնում այն կազմվածքից որպես մի փտած անդամ, և հավիտենական կոկորդը անխնա կուլ է տալիս այդպիսի ազգությունը։ Այդ պատճառով մարդկային սրտի համար մի ավելի տխուր բան չկա, քան թե տեսանել, որ մի ազգություն ընկնում էր և կործանվում էր ծանր հանգամանքների հարստահարության տակ — մի այլ ազգության ճնշողութենից։ Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքյանք հրաժարվում են յուրյանց ազգութենից և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ինչ ողորմե

316