Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշատակաց արձանները կտա կուլ տալու, բացի սորանից հույս ունինք, որ ազգը ինքը ևս այժմ, ինչպես մինչև այսօր, բնական ուղիղ դատողութենով բաց է թողել մեռածը և պահել է յուր մեջ կենդանի լեզուն, թեև անուսումն լինելով աղճատել է և խանգարել, այսուամենայնիվ շատ հավանական է, որ այսուհետև ևս միշտ աշխատություն գործ դնի գտանել ընթեռնուլ այն մատյանները, որ գրվում էին նոր հայախոսութենով այլև ջանք անե փոքր առ փոքր մաքրել յուր խոսվածքը, դուրս ձգելով այն բառերը, որոնք օտար ազգերից մտած էին, այսպես և գավառական մասնիկները կամ կոշտ ու կոպիտ ոճերը, որքան և որչափ կարելի էր։ Մեք որչափ կարողացել ենք քննել և ճանաչել, հասկացել ենք, որ մարդուս լեզուն այն ժամանակ կարող է խոսել, ինչ ժամանակ միտքը արդեն խոսելի բանը դասավորում է, պատճառ, որ խոսքը, որ ձայնավորված լսվում էր օդի մեջ մեր բերանից, մեր իսկ մտքի ծնունդն էր։ Լեզվի պաշտոնը այստեղ այս էր, որ մեր մտքով հասկացածը նա լսելի շինե օդի միջնորդութենով ուրիշներին։ Շատ զարմանալի է, որ այդ պարոնները, որ հին լեզվի պոչը բռնած քշում են յուրյանց էշերը հառաջ, չեն կարողացել մինչև հիմա ճանաչել, թե լեզուն եթե չունի մեջ այն սննդարար ուղը և ծուծը, եթե նա մշակած չէ ինչպես պահանջում էր հարկը, ոչ այլ ինչ է, բայց եթե մի թարգման, որ մտքի ծնուցածը դուրս է հաղորդում ուրիշներին։ Տարակույս չկա հին լեզվի մեջ ուղ և ծուծ և սնունդ չլինելուն, արդեն ցույց տվել ենք, որ նա չունի այդ բաները, մեք տեսանում ենք նորան միմիայն իբրև պահարան հայոց հինգ դարու լեզվախոսության և քանի մի անցքերի։ Ուրեմն եթե և շատ քաջ սովորեր հայոց մանուկը այդ լեզուն, այնուամենայնիվ տգետ էր և ոչի՛նչ չգիտեր. միմիայն մի չոր լեզու գիտենալը փոր չի կշտացնի, եթե նորա հետ կապակից չէին այն հագեցուցիչ և սննդարար հյութերը, որ կարող էին արյուն դառնալ և հաստատել սիրտը։ Բացի սորանից, հայոց մանուկի հանդեսը կամ ասպարեզը ո՞րն էր արդյոք, յուր հին լեզուն հանդես հանելու ոտանավոր գրելն, եթե քանի մի հատուկտոր տղայական ճառեր, և ո՞րոնք էին այդ հանդեսը բոլորողը, նա, որ հանդիսում երևում էր յուր հին լեզվովը, արդյոք կարո՞ղ էր յուր համար դատավոր գտանել հասարակության մեջ, արդյոք նորա գրածը հասկանալի՞ էր ժողովրդին. այն ձայները, ինչ որ նա հանում էր, արդյոք լսողների ուղեղին կհասնե՞ր իբրև նշանական ձայներ, թե միայն ականջի թմբուկի արձագանքը կլսեր այն հասարակ մարդը՝ առանց ոչինչ հասկանալու։ Ի՞նչպես կարելի է խոսել մի մարդի հեա այնպիսի

342