Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի լեզվով, որ նա չէր ուսել, որ նրան անծանոթ էր։ Այսքան պարզ և լուսապայծառ ճշմարտությունը չեն կարողանում այդ պարոնները դեռ իստակ աչքով տեսանել, ուստի և ասում են, որ պիտո է մարդ այնպիսի լեզվով խոսի, որ դիմացի մարդը նորան չհասկանա, և որչափ խրթին և մութը կխոսեր, այնչափ արժանավոր և քանքարավոր էր հեղինակը։ Սոքա բնության կանոնին չհավանելով, որ դրել է մարդուս մեջ լեզու և բանականություն սրտի զգացմունքը ընկերին հայտնելու մասին, յուրյանցից կանոն են հաստատել, թե պիտո էր խոսել այնպես, որ դժվար լիներ հասկանալ. ուրեմն եթե դժվար հասկանալի խոսելը գովելի մի բան էր, բնավ չխոսելը ո՞րչափ ևս։ Սոցա մոտ այսքան իրավունք ունի ճշմարտությունը. կամավ և հոժարութենով միմիայն յուրյանց թքածը չկամենալով լիզել, հանձներն են առնում համրանալ և ճշմարտությունը չխոստովանել։ Քանի մի խոսք ևս պատշաճ համարում եմ ասել այն մարդերին, որոնք այնուամենայնիվ յուրյանց ողբալի տգիտութենովը համարձակվում են բերան առնուլ գերապատիվ Ստեփաննոս վարդապետի գրվածքը, թե նորա լեզուն ոչինչ քաղաքի սեփական չէ, թե գրոց բառերով խառնված է և թե ազգը չի հասկանա։ Մեք խոսելով մի աշխարհաբառ և նորախոս լեզվի վերա, երբեք չենք մտածել, որ այդ լինի մի քաղաքի մասնավոր կամ մի երկրի հատկացյալ բարբառ, պատճառ, որ մեր նպատակին առաջին արգելքը կլիներ այդ. այլ միշտ իմացել ենք այն հստակ հայախոսությունը, որ կարելի էր հասկացվել և ամենայն տեղ գտանված հայերից, եթե նոքա ծանոթ էին միայն մայրենի լեզվին, այսինքն եթե և նոր լեզուն չէին կորուսել ինչպես: Տաճկաստանում կամ Ռուսաստանում, և կան շատ օրինակներ։ Այն գավառական լեզուներն մեզ ամենևին անպիտան է, պատճառ, որ այն կոշտ ու կոպիտ լեզվովը ոչինչ մարդավայել ազնիվ միտք, մանավանդ ուսումնական խնդիրների վերա, չէ կարելի բացահայտել, իսկ թե ինչո՞ւ համար խառն եղել է գերապատիվ Նազարյանցի խոսվածքը գրոց լեզվի հետ, պատճառը շատ հեշտ էր ճանաչել, որ նոր լեզուն չուներ այնպիսի բառեր, որ կարողանային հայտարար լինել այն մտքերին, ինչ որ հեղինակը կամենում էր ասել և գրել, և սորա պատճառն այս էր, որ յուրաքանչյուր այդպիսի բառի փոխանակ հայոց հասարակ մարդը գործ է ածում զանազան օտար ազգերի բառեր. կամ ռուսաց և կամ տաճկաց։ Ուստի բնական ուղիղ դատողութենով, քան թե օտարի լեզվով հայտնել այն միտքը, նա գրել է հին լեզվի բառերով. այս բանը մեք միշտ տեսանում ենք եվրոպացվոց մեջ, մանավանդ գաղղիաց

343