բարբառ, աւանդ հայկական։ Եւ այսպէս տեղի տուեալ անիմաստութեան և տգիտութեան՝ ամայանայ մինչ ի սպառ մատենագրութիւն։ Այլև ժամանակն [ինքնին] սկսանի ճանապարհ յարդարել դէպ ի նոր հայախօսութիւն՝ որոյ հետք ահա նշմարեալ եղեն ի մետասաներորդ դարու և անտի օր քան զօր յառաջ խաղալով՝ ձևակերպեցին զմերոց աւուրց բարբառ աշխարհիկ, զանազան ըստ տեղեաց և աշխարհաց, և շատ կամ նուազ մօտ յստակ հայախօսութեան, թէպէտ առ հասարակ պիտոյ է ասել, թէ հին հեղինակացն բարբառ չէ այնքան այլայլեալ ի շրթունս Հայոց, որչափ ինչ հինն լատինախօսութիւն ի շրթունս Իտալացւոց, Գալլիացւոց և Հռոմեական ասացեալ ազգաց։ Զսորայս հակառակն պիտոյ էր ենթադրել, միտ եդեալ անեզր և անվերջ յեղափոխութեանց և սասանութեանց եղելոց ի Հայաստանեայց աշխարհի։
Անպտղութիւն և առ հասարակ սով ի մատենագրութեան մերում ի վեշտասաներորդ և եօթևտասաներորդ դարս և լեզուին աղճատել ապացուցանի եթէ ո՛չ ի մէջ բերցուք զայլս պատմագրութեամբ Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ, զոր Ոսկան վարդապետ տպագրեաց ի Հոլլանդա ի տպարանին՝ զոր կառյոց Մատթէոս սարկաւագ Ծարեցի, առաքեալ ի Յակոբ Կաթողիկոսէ Հայոց յամի 1655։
Արհեստ տպագրութեան առ Հայս տեսանի զառաջինն ի Կոստանդնուպօլիս, այլ ո՛չ հաւանեալ ընդ այն Յակոբայ Կաթողիկոսի, հոգ տանի յղել յԵւրոպայ զայր՝ առ ի կերտել տալոյ զգաղափարս մաքուր գրոց, վասն որոյ զայր հաւատարիմ գտեալ զՄատթէոս Ծարեցի առաքէ ի Վենետիկ, ի Հռովմ և յԱմստերդամ, որ ի վերջնումս գտեալ զայր արհեստադէտ, փորագրել տայ զտառսն և անկեալ ընդ պարտուք՝ մեռանի թողեալ զգործն յԱւետիս և յՈսկան Երևանցիս ապաստան, որք լրացուցեալ զշինութիւն տառիցն ի թիւս զանազան եկեղեցական գրեանց տպագրեն նաև զառաջինն առ Հայս զԱստուածաշունչ մատեանն, թէև ցաւելով պիտոյ էր խոստովանել՝ աղճատելով զայն ըստ սահմանաւոր յոյժ տեղեկութեանց, յոյն և լատին դպրութեան, զոր յետոյ նոր ի նորոյ տպագրեաց յընտիր օրինակէ Մխիթար վարդապետ Սեբաստացի՝ առաջնորդ ուխտի սրբոյն Ղազարու ի Վենետիկ։
Մատենագրութիւնն մեր և առ հասարակ կենդանութիւն լեզուին, իմա դու ինձ զբառդ անձուկ նշանակութեամբ՝ մնայ վայրենացեալ մինչև ցսկիզբն 18-երորդ դարու, յորում ըստ վերնախնամ տնտեսութեան նախախնամողին Մխիթար վարդապետ Սեբաստացի մեկնեալ ի Հայոց Մեծաց, և յետ բազում տառապակրութեանց անկանի ի Վենետիկ Իտալիոյ՝ հիմնել և հաստատել ի կապոյտ ալիս Ադրիտեան ծովու՝ զհաստահիմն