Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիազորագրեր առաքել՝ Տաթևի և Գանձասարի վանքերի, Գրիգորուպոլիս և Նոր Նախիջևան քաղաքների «բարեկարգեւթյանց» համար նախատեսված ժառանգությունն ստանալու։

Պետք է ենթադրել, որ Եփրեմ կաթողիկոսը չի հասցրել կատարել այս խնդրանքը: Հետագայում Էլիազ Մինասյանի մահից հետո կտակատար է դառնում նրա որդի Հովհանջանը, իսկ Հովհանջանի մահից հետո, սրա կինը՝ Վառվառե Էլիազը։

1861 թվականին, երբ Նալբանդյանը Կալկաթայում ներկայանում է վերջինիս, պարզվում է, որ Գ․ Այվազովսկու կողմից լիազորված՝ Հնդկաստանի և Պարսկաստանի Թեմի առաջնորդ Թադէոս արքեպիսկոպոսն արդեն կանխել էր նրան, համապատասխան լիազորագրով պահանջելով Նախիջևանի ժառանգությունը։

Վ․Էլիազի խորհրդով Նալբանդյանը փաստաթղթերը ներկայացնում է Հնդկաստանի ծայրագույն դատարանին (Սուպրիմ Կորտ), և սեպտեմբերի 14-ին շահում է դատը։ Նա առձեռն ստանում է մի պատկառելի գումար և հասցնում Նոր Նախիջևան։ (Տե՛ս Ե․ Շահազիզ, նշվ․ հոդվածը, «Լումա», № 4, էջ 112-118)։

Երվանդ Շահազիզն իր հոդվածում տարակուսանք է հայտնում այն առթիվ, որ Նոր Նախիջևանի մագիստրատը հնդկահայ գումարների մասին խոսելիս նշում է միմիայն Մասեհ Բաբաջանյանի անունը «Բերված է ընդամենը 54750 ռուբլի, - գրում է նա, որի մեջ կար և Կատարինէ Խոջամլյանի 14000-ի չափ գումարը»։ (Տե՛ս Ե․Շահազիզ, նշվ․ հոդվածը, «Լումա», №5, էջ 53-54)։

էջ 362, կտակ №5- Սարգիս Ծատուր Աղավալյանը Մադրասի թվով երրորդ՝ 1809թվականին հիմնադրված տպարանի հիմնադիրը և տնօրենն էր։ Նոր Նախիջևանի դպրոցի և տպարանի օգտին նա կտակում է 250․000 ռուփի (ռուսական դրամով՝ 200․000 ռուբլի կամ 25․000 ֆունտ ստերլինգ)։

1819 թվականին Եփրեմ կաթողիկոսին ուղղված իր նամակում Շմավոնյան քահանան առաջին անգամ հաղորդելով այդ կտակի գոյության մասին, երաշխավորում էր կտակված գումարի ապահովությունը, ասելով, թե այն «ներկայ[իս] բարւոք ձեռի է»։ Չնայած դրան, նա Եփրեմ կաթողիկոսից խնդրում էր լիազոր ներկայացուցիչներ նշանակել Կալկաթայում՝ գումարները հաշվարկելու, ստանալու և առաքելու համար։

Հավանաբար, Շմավոնյանի խնդրանքը նույնպես չի կատարվում, քանի որ կտակատար Կիրակոս Հարությունյանցի մահից հետո, նրա որդի Հարություն Կիրակոսյան Հարությունյանցը իր հարստության հետ միասին վատնում է և Սարգիս Ծատուրի կտակած գումարները։ Նալբանդյանի հարցապնդումները և որոնումները՝ այս ուղղությամբ ևս ապարդյուն են անցնում։ (Տե՛ս Ե․ Շահազիզ, նշվ․ հոդվածը, «Լումա», 1904 թվական, №4 էջ 120)։

ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ

(էջ 363)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1859 թվական, №10, էջ 808-810, Ծատուր Պողոսյանց ստորագրությամբ։

Այս նամակի Նալբանդյանին պատկանելը երկար ժամանակ անհայտ է եղել բանասերներին։ Առաջին անգամ Աշոտ Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այս և հաջորդ նամակների վրա, իրավացիորեն դրանք վերագրելով Նալբանդյանին (տե՛ս Մ․Նլբանդյան, Անտիպ երկիր, Երևան, 1935 թվական, էջ 301)։