Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղեցիկ հաղորդակցվի ժողովրդի հետ, ժամանակակից կենդանի հայկական լեզվի օրինաչափություններով: Պարսկական, արաբական և թաթարական լեզուներից, պատմական ազդեցության հետևանքով հայերենի մեջ անցած օտար բառերն ու արտահայտությունները, որոնք աղավաղում են զուտ հայկական լեզուն, նրա մոտ կփոխարինվեն հին հայկական գանձարանի ազգային բառերով։ Հաստատուն կերպով հենվելով այս սկզբունքների վրա, «Հյուսիսափայլի» խմբագիրը իր համար նախանշել է կրկնակի աշխատանք։ Տարածել ժողովրդի մեջ հանրամատչելի տեղեկություններ և մշակել հայկական կենդանի խոսքը։ Խոսելով հայերի հետ՝ լուսավորել նրանց, և լուսավորելով՝ սովորեցնել նրանց խոսել, հետևաբար մտածել։ Քանի որ,— նկատում է պ․ Նազարյանցը,— խոսել նշանակում է մտածել։ Պ. Նազարյանցը հավատացած է այն բանում, որ ժողովրդի պատիվը մոծ մասամբ կախված է նրա ազգային լեզվից, և որ այդ լեզուն, որը կոչված է ծառայելու որպես մտածողության գործիք և ժողովրդի զարգացման միջնորդ, պետք է ամենայն հոգատարությամբ մշակել և գիտության ու ուսման շտեմարան դարձնել, որպեսզի երիտասարդ սերնդին հնարավորություն տրվի բնական, աստվածահաճո եղանակով սնվել, աճել ու ամրանալ, այսինքն՝ հոգեկան կերտվածքի աճման համար գիտության մայրական կրծքի աղբյուրներից քաղել բոլոր կենսական հյութերը։ Ապա պ․ Նազարյանցն իր խոսքն ուզում է իր ազգին և, ինչպես երևում է, այն եզակի հայերին, որոնք պաշտպանում են հնությունն ու իր դարն ապրած ձևերը, այդ միջնադարյան մարդկանց, հին դասական լեզվի անվերապահ սիրահարներին, որոնք սարսափելի կուրության մեջ լինելով, մեռած ձևերի ներքո մոռացել են կյանքն ու նրա բովանդակությունը, աչքաթող անելով մեր դարի աղաղակող պահանջները և մտավոր քաղցից մեռնող հայ երիտասարդությանը։ Ռուսաստանում եղած այդ, այսպես կոչված հայագետների, խորապես ողորմելի մոլորվածությանն ընդդեմ պ․ Նազարյանցը բարձրաձայն հռչակում է գիտության մասսայականացման անհրաժեշտությունը հայերի մեջ, ինչպես այդ կատարվել և կատարվում է մեր դարի եվրոպական ժողովուրդների մոտ։ Թույլ տվեք ինձ, ողորմած պարոն, այստեղ բերել հարգարժան պրոֆեսորի բառերը։ «Մեր մարդասեր եվրոպական դարումը, որ ունի արդարև մի ցավակից սիրտ դեպի յուր ընկերը, որ այո գիտե ներողապես և սիրողապես միտ դնել ազգերի կարոտությանը և պիտույքին, մեր լուսավորյալ վեհանձն ժամանակումը, բարձրահայաց գիտությունը ցած իջանե

67