Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցել այս բանը հայերեն թարգմանել և տպել, պատճառը կարոտություն չունի մեկնության։ Եվժեն Սյու, մարդկության բարեկամ պարոնը, այս աշխատության մեջ նկարագրում է հիսուսյան աբեղաների անքրիստոնյա և բարբարոս վարքը ու բարքը. Մխիթարյան գերապատիվ հարք ինքյանք ևս կրոնակից և ջատագով լինելով հիսուսյաններին* հավանական և շատ բնական է, որ նոցա ձեռքը չէր համարձակվելու այսպիսի գործ կատարել, մանավանդ որ տեր պապը նզովել է այս աշխատության հեղինակը և կարդացողը, ուրեմն, և թարգմանողը։ Եվ ճշմարիտը պիտո է խոստովանել. ի՞նչպես կարելի է, որ մի պապական աբեղա հակառակվի այնպիսի մի մարդու, որ աստուծո փոխանորդ էր, արքայության դուռը բացող և փակող... (մի՞թե)։ Գո՛հ եմ աստուծուց, որ պապական չլինելով ունիմ ազատություն գրել և թարգմանել այն բանը, որ ջատագով էր ճշմարտության, որ պախարակում էր Քրիստոսի օրենքին ընդդեմ գործերը և նկարագրում էր ամենայն ինչ մաքուր խղճմտանքով. և այս երկար աշխատության մեջ, ամենայն քայլափոխումս նոր քաջալերություն եմ զգացել, որովհետև պիտո է բարձրացնեի ճշմարտության դրոշակը։ Իմաստուն և բանագետ մարդերի համար բացատրության կարոտ չէ՛ իմ նպատակը. իսկ մեր մյուս եղբայրակիցներին, որ կես մի բախտի անգթանալովը, կես մի յուրյանց մեղքովը հեռի են մնացել լուսավորության ճրագից, պիտո է ասել, թե այս վիպասանությունը, այս հրաշալի գործը, առանց ամենևին կողմնապահության նկարագրելով հիսուսյանների ընթացքը դեպի Րեննըպոնի ժառանգները, կարո՛ղ էր ըմբռնելի կերպով հասկացուցանել մեր հայերին, թե ի՞նչպես էր հիսուսյան կարգի ուղղությունը, որ պապականության հարազատ զավակներն էին։ Այսքան ևս ավելորդ էր ասել, եթե մեր ազգի բոլոր որդիքը ձեռնհաս լինեին քննել իմաստասիրաբար, թե ի՞նչ է պապականությունը առհասարակ, քննել նորա պատմությունը, և նորանից կարողանալ դուրս բերել մի անկողմնապահ և ճշմարիտ եզրակացություն։ Բայց ափսո՛ս, որ այս չկա ընդհանուրի մեջ, թեպետ և մասնավոր մարդերում Քրիստոսի կենարար ավետարանը, ուսուցանելով անհակառակելի ճշմարտությունը, տնկելով աստվածային հոգու խաղաղությունը, ներգործել է, և բերել է այն պտուղը, որի մասին ինքը Քրիստոս աղաչում էր, «Սո՛ւրբ արա զնոսա ճշմարտութեամբ քով, զի քո բանդ ճշմարտութիւն է»։

  • Տես Փափազյանի «Եկեղեցական պատմության» (տպած 1848, Վենետ.) 923 երե-

սից մինչև 932 երեսը։ Յովհ., ժէ գլ., 17 համար։

80