Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդի վերա։ Ինչպես խոսել եմ հառաջաբանությանս մեջ, ես հարկավոր համարեցի մեր ազգայինների ուշադրությունը դարձուցանել․ այս կարգի վերա, որ հառաջ քան թե «Թափառական հրեա» վիպասանության կարդալը, կարողանան ծանոթություն ունենալ այս կարգի մասին, ճանաչել նորա հոգին։ Այս խորհրդով, ես ցույց կտամ կարգի ծագումը և արագ տարածությունը, կնկարագրեմ նորա ներքին կազմությունը, որի մեջ երևում է նորա հոգին և որից բխում է նորա հարատևությունը, այն ժամանակ, երբ ինքը պապականությունը կործանվում էր ահա՛․ ցույց կտամ հետո, թե ի՛նչ կերպով ներգործում էր նա նոր երկիրների մեջ, ուր քաղաքականություն կամ բոլորովին չկար, կամ եթե կար, այն ես յուր սկզբնական կոշտ ձևով․ ցույց կտամ վերջապես, թե ի՛նչպես պատերազմեցավ նա հզոր քաղաքականության հետ, որ արդեն պատմական ընթացքով ստացել էր յուր կատարելությունը։ Հզոր քաղաքականություն ասելով իմանում եմ Ֆրանսիան, և դիտավորություն ունիմ խոսել միայն Ֆրանսիայի մասին այն պատճառով, որ այս ազգի հոգին, մանավանդ, արգելք լինելով հիսուսյաններին առհասարակ, հիսուսյանները քանի՞ անգամ պիտո է փոխեին յուրյանց ներգործության ձևը և ուղղությունը։ Եթե ես հանձն առնուի գրել հիսուսյանների մասին այնպես, որ ոչինչ բան դուրս չմնար, ինչ որ պատմությունը մեզ հասուցել է, ապա հարկ էր ինձ մի Աստվածաշնչի մեծութենով գիրք գրել, որի վերա տարիներ պիտո է գործ դնել․ այդ իմ կողմից, իմ այժմյան հանգամանքների մեջ անկարելի էր․ ես իմ գործը կատարեցի, ժամանակի սակավությանը հարմարվելով․ առաջին անգամը այսքան ծանոթություն բավական համարելով չեմ հրաժարվում այլևս ուրիշ անգամ նոցա վերա խոսելուց։

                        ———————————

Ինգնատիոս Լոյոլա, հիսուսյան կարգի նախահայրը, ծնեցավ 1491 թվականին Սպանիայի Գվիպուսկոյա գավառում Լոյոլա ամրոցի մեջ։ Նորա ծնողքը թեպետև երևելի մարդիկ էին, բայց ո՛չ հարուստ։ Ինգնատիոսը յուր տասն տարեկան հասակում գտանվում էր Ֆերդինանդի և Իզաբելլայի պալատում իբրև մանկլավիկ։ Պալատի ճոխության և շռայլության մեջ, մանավանդ անդադար ամբոխմունքների և աղաղակի պատճառով, նա չկարողացավ գրել և ընթեռնուլ ուսանել, ինչպես վկայում է Պետրոս Րիբադանեյրը, որ ժամանակակից էր նորան և անդամ Իգնատիոսի հիսուսյան կարգի։

87