Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այստեղ մանավանդ պիտո է, որ շնչառության և բառերի միջոցը լինի հավասարաչափ (et parla anhelituum ac vocum interstitia observanda ). այս կերպով ոգևորված մարդը դառնում է մի մեքենա, որ հառաչում է, հեկեկում է, գանգատական բաներ է խոսում և այլն, և այն, այնպիսի կարգով, որ փորձով ճանաչված էր ամենալավ: Ի՞նչպես կատարելագործվում է այս կերպով պատրաստված մեքենան (Automatum). նա ի՞նչպես է հասանում վեջապես մինչև հավատի խորհուրդքը և ճշմարտությունը: Ահա՛ թե ինչպես: Եթե բանը վերաբերվում է Քրիստոսի կյանքում պատահած մի անցքի, այն ժամանակ հարկավոր է երևակայել մի սահմանյալ տեղ. զորօրինակ՝ եթե Քրիստոսի քարոզութենների վերա, պիտո է նախ և հառաջ երևակայել ճանապարհ, հարթ կամ անհարթ (viam planam out arduam ), եթե նորա Գեթսեմանի պարտեզումը աղոթելու վերա պիտի երևակայել մի պարտեզ որոշյալ մեծութենով և դրութենով (certa magnitudine, figura et habitudlne), չափել նորա երկայնությունը և լայնությունը: Փրկչի հաղթության և թագավորության վերա խոսելու ժամանակ հարկավոր է երևակայել գեղեր, քաղաքներ (villus et oppida ), հետո նկարագրել յուր հոգու առաջև երկրի թագավորը յուր ժողովրդի մեջ (punctum prlmum proponere sibi ob oculos humanum regem ). խոսել այս թագավորի հետ, հետո փոքր առ փոքր թագավորի տեղը դնել Քրիստոսը, ժողորդի տեղ՝ յուր անձը. ահա այս կերպով կնկարագրվի Քրիստոսի թագավորությունը: Ահա՛ այս է մինչև խորհրդական բաները բարձրանալու կերպը: Սորանից ի՞նչ ուղղակի և անհրաժեշտ հետևանք կծագի. նյութական տպավորությունքը վերջին նպատակ շինելը արդյոք չէ՞ հեռանում քրիստոնեական իսկութենից. արդյոք այս ծածուկ և ծպտյալ կերպարանքով անցել չէ՞ դեպի հոգու թագավորությունը... և այսպիսի չնչին զգուշությունքը չե՞ն դառնում արդյոք վերջումը խորամանկություն և երեսպաշտություն այս զարմանալի վարդապետության հետևողների մեջ։ Ի՞նչպես․ փրկիչը ծունկի վերա արյուն քրտինքի մեջ աղոթում է մարդկության համար, դու, փոխանակ այս բանը միմիայն միտք բերելով հիանալի, պարապում ես պարտեզը չափելով, նորա ճանապարհների կարգը դննելով․ դու, Թաբորի ստորոտումը այն այլակերպության անթարգմանելի րոպեում, նայում ես սարի ձևին, զննում ես նորա բարձրությունը, լայնությունը, արգավանդությունը․․․ Ա՞յս է Քրիստոսի վարդապետությունը։ Ա՞յս է առաքելական քրիստոնեությունը։

98



98