Բայց երբ որ շատ աղաչում է Լեոնորան, կոմսը ասում է, թե միայն սիրու գնով կարող էր Լեոնորան ստանալ նոցա փրկությունը։ Լեոնորան երկբայում է… բայց մտածելով, թե յուր պատճառով պիտի մեռանին անբախտ բանտարկվածքը, հոժարում է։
Իսկույն գնում է նա բանտ և հայտնում է Մանրիկոյին նոցա ազատությունը. Մանրիկոն իմանալով ազատության պայմանը, մերժում է որպես այդ առաջարկությունը, նույնպես և Լեոնորան, լավ համարելով մեոանել, քան թե տեսանել յուր սիրականը երիտասարդ կոմսի գրկում։ Լեոնորան աղաչում է չատել յուրյան։ Այս բոլորը լսում է կոմսը բանտի մյուս սենեկից, և, ներս մտանելով այն սենյակը, ուր էին մայր ու որդի բանտարկվածքը, հրամայում է դահճին գլխատել Մանրիկոն։
Ազուչենան, ջլախտական ամբոխմունքից հետո թուլացած լինելով, քնած է այդ միջոցին․ Մանրիկոն տանում են գլխատելու․․․ Զարթնում է Ազուչենան և չտեսանելով յուր որդին, աղաղակում է... Նորան ասում են, թե տարան Մանրիկոն գլխատելու․ նա կանչում է կոմսին, դադարեցնել պատիժը, բայց կոմսը հայտնում է, թե ամենայն բան վերջացրած էր արդեն։
Այնուհետև ձայն է տալիս Ազուչենան․
— Իմացի՜ր, կոմս, որ դա քո եղբայրն էր․․․ իմ մոր վրեժը դուրս է եկած արդեն...
Մինչդեռ ես պատմում էի այս բաները։ Գուլի-Շամաման աչքերը տնկած նայում էր երեսիս, ժամանակ առ ժամանակ բացագանչելով։ Երբ ավարտեցի ես իմ պատմությունը, ասաց.— Զարմանք բան, ի՛նչպես կարողացել է Ազուչենան օտարի զավակը, մայրական գթով և խնամով սնուցանել յուր որդու պես․ բայց ի՛նչ․․․ պատահում են այդպիսի բաներ․․․
— Ի՜նչպես թե պատահում են․ դա շատ հազվագյուտ կանացի սիրտ է, որ կարողացել է այդպիսի քնքշությամբ խնամարկել յուր թշնամու որդին,— ասում եմ ես։
— Իսկ ես ասում եմ, որ կան այդպիսի օրինակներ, և չէ պիտո հեռի տեղերում որոնել․ մեր մեջ ևս կա մի դորա նման բան։
— Ի՜նչպես։
— Դու գիտես պ․ Բեգզադեի ազգաբանությունը։
— Ո՜րտեղից պիտի իմանամ։
— Լսի՛ր ուրեմն. Բեգզադեի մոր հղության ժամանակ, նորա հայրը ութ ամսական հղի թողնում է յուր կինը և գնում է օտար աշխարհ, խիստ պատվերներ տալով յուր կնոջը զգուշանալ յուր առողջությանը,