որ անփորձ ծնանի մանուկը։ Որովհետև աշխարհի երեսին ամենայն բան լինում է մեր ցանկության հակառակ, և ինչ բան ավելի պահպանես, ՞այն բանը ավելի վտանգների տակ է ընկնում, այս օրենքի հիման վերա ևս տիկին Բեգզադեն մի որդի ծնանելով, երկու օրից հետո խեղդում է նորան, անզգուշությամբ քնելով նորա վերա մահճի մեջ։ Ողբ, լաց, աղաղակ, բայց այդ բոլորը չէին կարող հարություն տալ մեռած մանուկին։ Մարդ ուղարկելով մանկաբարձի քամակից, հրավիրում է յուր մոտ և հայտնելով հասած թշվառությունը, աղաչում է նորան մի հնար գտանել, որով կարողանա ազատվի յուր տղամարդի հանդիմանութեններից։ Մանկաբարձը խոստանում է գտանել այս բանի ճարը, և փաթաթելով մի կտավի մեջ մեռած մանուկը դեպուղիղ գնում է մի աղքատ թուրք կնոջ տուն, որ նույն օրին ազատվել էր ծննդական ցավից, երբ ծնել էր և տիկին Բեգզադեն։ Մանկաբարձը տալիս է նորան մեռած մանուկը և բավական շատ արծաթ, և առնելով նորա կենդանի զավակը տանում է տալիս է տիկին Բեգզադեին, մեծ վարձ ստանալով այս հնարագիտության համար։ Ոչ ոք չի իմանում այս գաղտնիքը և տիկին Բեգզադեն դարմանում է թուրքի զավակը, որպես յուր որդին, անուն տալով նորան Բեգզադե։
Լսելով այս պատմությունը, ասում եմ Գուլի-Շամամային․ — Ի՛նչ լավ պատահեց քո իմ մոտ գալը։ Բեգզադեի ինձ նամակ գրելը, իսկ իմ նորա ազգաբանությունը իմանալը...
Ինչևիցե, ուրիշ շատ խոսակցութեններից հետո, որ առ այժմս անպատշաճ եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, գնաց Գուլի-Շամաման։
Այժմ արձանագրեմ մի քանի նամակներ, որ ստացել եմ զանազան տեղերից և զանազան պարոններից։
«Պարոն Կոմս էմմանուել,
Սրտի մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Մոսկվայի նորութեններից ամենապատվականը։ Համալսարանի հայ ուսանողքը, աոաջին անգամ Մոսկվայի մեջ առտնին թեատրոնական բեմի վերա կատարեցին մի եղերերգական և մի կատակերգական խաղարկությունք։ Այս բանը պատահեցավ հունվարի 27-ին հայկազն Միքայել Հարությունյան Ստեփանյանց մեծարգո պարոնի տանը։ Մոսկվայի և եկավոր հայերից մոտ իբր երկու հարյուր մարդ, այր և կին, ներկա էին այդ հանդեսին, որոնցից ոմանք եկած էին մեքենաբար, լոկ հետաքրքրության համար, ոմանք