Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոնավ եղանակ, մարդու կազմվածքը տրամադրող դեպի մի անտանելի ռևմատիզմուս։ ճշմարիտը պիտո է ասել․ մեր համար, ըստ որում սովորած ենք, հյուսիսային բորեասից շատ վատ են արևմտյան խոնավությունքը. անտանելի էր մեր վիճակը ներկայումս, եթե չմխիթարվեինք հուսալով, որ բնության համար այդ մի փոխանցական միջոց էր կոշտ խստութենից դեպի քաղցր մեղմություն։

Բայց այս մխիթարությունը հիմնված է չոր հույսի վերա. նա չէ՛ կարող փարատել իսկույն այն խավար և տխուր տպավորությունը, որ մի անպիտան եղանակ կարող էր հառաջացնել մի մելամաղձության անձնատուր հոգու մեջ։

Ի՛նչ անսիրելի ներդաշնակություն. եղանակի անախորժություն, ֆիզիկական տկարություն, տան անպիտանություն, մելամաղձություն, հավելացո՛ւր սորա վերա և մի տաղտկալի միայնություն, և ահա կտեսնես ամենայն, որի մեջ կամ որպես ապրում եմ ես։

Ահա այս վիճակի մեջ անցուցանելով օրերս, ամենայն օր մի քայլ մոտենալով գերեզմանի բերանին, աչքս դուռը նստած եմ, թե ո՛վ արդյոք շնորհ կբերե իմ մոտ կամ ո՛ր բարեկամս կշտապե մխիթարել ինձ յուր նամակով։

Բարեկամ շատ ունիմ, որոնք միշտ պատրաստ են ինձ նամակ գրել, եթե ես ևս հանձն առնում նույնպես նոցա գրել, բայց արի տե՛ս, որ նոքա շատ են, իսկ ես միայն. ժամանակը փոքր, ո՛ր մինին գրես։ Դարձյալ աստված կյանք տա պ. Շահբեգին, որ չէ մոռանում ինձ։ Երեք ամիս է ոչինչ լուր չունեի նորանից, երեկ ստացա մի նամակ, որի բովանդակությունը արժանի լինելով հարցասիրության, արտագրում եմ բառ առ բառ։

Րեդուտկալե, 14 փեարվ․, 1859 թ.

Ողորմած պարոն Կոմս էմմանուել

Խորհուրդ մարդկան, կամք աստուծո — ասում է առածը. սորա ճշմարտությունը ինձ ևս պատահեցավ փորձել, ինչպես շատերը փորձել են։

Վերջին նամակովս խոստացել էի քեզ, ցնծացնել քո Հիշատակարանը հունվարի մեջ, զանազան ուշադրության արժանի լուրեր և ծանոթություններ հասուցանելով քեզ. բայց, արի տե՛ս, որ այլապես է եղած նախախնամության կամքը, և ես այս րոպեիս, երեք ամսական լռութենից հետո, հարկադրված եմ, փոխանակ զվարճալի բաների, ստորագրել քեզ այն տխուր անցքը, որ անցավ իմ գլխից։ Այսպես ահա սկսանում եմ իմ պատմությունը, առանց ճարտար ներածութենների, և