Հյուսիսը մի տխուր աշխարհ է. նույն ինքը արեգակը, տեսանելով այդ աշխարհի անհամբույր բնավորությունը, տեսանելով նորա փոթորիկներից խռովված թանձր և մառախլապատ ամպերը, հետ է քարշում յուր ոգևորիչ ճառագայթքը այդ աշխարհի վերայից, երբեմն երբեմն հետաքրքրության համար նայելով նորա վերա։ Բայց... ավա՜ղ... այդ ի՛նչ մեռելատիպ գունաթափություն է, որ բռնել է արևի երեսը, ինչո՛ւ տխուր է նա. նա, որ ուրիշ աշխարհներում փեսայի պես դուրս է ելանում ծովերի ծայրերից, յուր ոսկեղեն ճառագայթները ցոլացնելով կապույտ ալիքների վերա։
Հյուսիսում, դաշտերը ծածկված են հավիտենական ձյուներով. ծովերը գտանվում են սառցապատ բանտերի մեջ։ Հյուսիսում, արջային շրջանակի տակ, բնակվում է ցրտաշունչ և դաժան Բորեասը, որ խլում է աղքատ շինականների տան ծածքը, որի զորությանը չեն կարող դիմանալ շատ անգամ հարյուրամյա կաղնիքը։ Հյուսիսում, եթե հունիսի և հուլիսի մեջ, երկրի մակերևույթը թեթևանալով յուր սառն ծանրութենից, բուսուցանում է մի պարզ ծաղիկ, մյուս օր ահա Բորեասը յուր մահաշունչ բևեռային սառնությամբ կտրում է այդ ողորմելի բուսականի կյանքը։
Այդ ի՛նչ ողբալի և տխուր աշխարհ է. մի՞թե նախախնամությունը հավիտենական դատապարտություն է դրել դորա վերա։
Չէ՛. և եղանակները փոխվում են և ինքը երկրագունդը ենթարկվում է հեղափոխութենների, որի հետ անտարակույս կապակից էին նորա շրջապատի հեղափոխությունքը։ Զարմանալի ժամանակ է մեր ժամանակը. ասես թե այս փոփոխությունքը սկսված են արդեն, ասես թե մեզ էր պահված վկա գտանվիլ դորա սկզբին, ասես թե արևը մի փոքր փոքրացել է այս աշխարհի վերա, մի փոքր մեղմացած են երևում կործանական փոթորիկների գնացքը և հարձակմունքը։
Ինչպես հայտնի է մեր ընթերցողներին, բախտը վիճակել էր իմ համար հյուսիսում հաստատել մի բնակություն. և ահա գտանվում եմ ես մի հյուսիսային գյուղում, ութ ամիս ձմեռը փակված միայնակ և անմխիթար ողորմելի բնակության մեջ, իմ կոմսության ողբալի ավերակների վերա։ Այդ տունը, ուր այժմ բնակվում եմ ես, և որ երբեմն եղած է իմ պապերի բնակարանը, տեսել է շատ ցրտաշունչ փոթորիկներ. բայց այս րոպեիս նորա ճակատը փորձում է արևմտյան խոնավ և խառնափնթոր քամիների հարձակմունքը։
Մի քանի տարի է, որ ձմեռը այս կողմերում փոխել է յուր բնավորությունը. այստեղ ներկայումս փոխանակ չոր ցրտի թագավորում է մի