Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ. փոխանակ մաղեղեն պարանին, ձեռքս անցուցին մի ծանր երկաթի շղթա և երկու զրահավորված մարդիկ վերաս պահապան կարգելով. ինքյանք ևս գնացին հանգստանալու։

Լեզվագիտությունը շատ լավ բան է. ապա ի՛նչ կլիներ իմ վիճակը, եթե ես չիմանայի նոցա լեզուն, եթե հարկադրված լինեի միմիայն կովի նման նայել նոցա երեսին։

Այսպես ութ ժամը կլիներ, մի պատանի գեղեցկադեմ և գեղեցկազգեստ մոտ եկավ գոմի դուռին և կանչեց ինձ Խալիլ նայիբի բարեկամի անունով։ Երբ մոտեցա պատանուն, հրամայեց պահապաններին արձակել ձեռքիս շղթաները, ասելով, թե անարժան է, որ մարգարեի փոխանորդի աչքերը կապանք տեսանե. հետո ասաց ինձ, որ հետևեմ յուրյան։

Նա տարավ ինձ Շամիլի բնակությունը։

Ի՜նչ ավելորդ գլխացավ պատճառեմ նկարագրելով նորա քաղաքը կամ տունը, այլ բանի զորությունը միայն հասկացնելու համար կարճ ասեմ, որ ներս մտա մի բավական ընդարձակ սենյակ, մաքուր և զարդարած պարսից գորգերով և այլ ասիական կարասիքներով։

Սենեկի հյուսիսային պատի մոտ մի գեղեցիկ սոֆայի վերա նստած էր Շամիլը. նորա երկու կողմում նստած էին նույնպես երկու ծերունի նայիբներ։ Պատանին, որ առաջնորդեց ինձ, ցույց տվեց աչքով երկու ծերունու մեջտեղը նստած մարդու վերա, առանց ձայնի հասկացնելով, թե նա է ահա Շամիլը։

Ես ողջունեցի խոնարհաբար և կանգնեցա նորա առաջև, երկու ծերունիքը ոտքից մինչև գլուխս չափեցին յուրյանց աչքերով։

— Ո՞վ ես դու,— հարց արեց Շամիլը բավական քաղաքավարությամբ։

— Հայ եմ,— պատասխանեցի ես։

— Ինչո՞ւ համար ներկայացած ես ինձ։

— Ես չգիտեմ պատճառը. ձեր մարդիկը բռնեցին ինձ ճանապարհի վերա և բերեցին այստեղ։

— Ո՞րտեղից, ո՞ւր էիր գնում։

— Գալիս էի Ռուսիայից, Րեդուտկալեից, դեպի ձեր իշխանության սահմանը։ Գուցե ձեզ հայտնի չլինի, բայց վկա է աստված խոսքիս ճշմարտությանը, որ ձեր Խալիլ նայիբը երկար ժամանակ յուր պարտքը չվճարելով, այլև ամենայն կամակորությամբ իմ հետ օրինավոր և հիմնավոր հաշիվ տեսանելուց փախչելով, պատճառ է եղել այս իմ վատաբախտությանս։

— Վատաբախտությա՞ն. մի՞թե քո ներկայանալը ինձ, մեծ մարգարեի