Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե արմատանան հայոց ազգի մեջ, կարող են գլխավոր պատճառ դառնալ ազգի հարստությանը։

— Սիրելի,— պատասխանեցի ես,— քո կանոնների առաջինը խաբեություն է և մաքսանենգություն, երկրորդը զրկողություն․ երկուքը միասին դատապարտելի գործ, և՛ աստվածային և՛ քաղաքական օրենքներով։ Ի՞նչպես կարելի է գովել մի վաճառականություն, որ հիմնված է այդ ընդդեմ քրիստոնեության կանոնների վերա․ ամոթ քեզ, որ այդպիսի գործերով ես պարապում․ ո՛վ գիտե, ո՛րքան խեղճ հայ պատանիք անբախտացած են քո բարբարոսութենով և դու այդպիսի կեղտոտ ճանապարհով ձեռք բերելով քո հարստությունը, համարձակվում ես կուլ տալ այն հացի կտորը, որ գնված էր ուրիշների աշխատանքի գնով...

— Դու ի՛նչ անհասկանալի մարդ ես, ես փիլիսոփայության վերա չեմ խոսում քո հետ, այստեղ բանը վաճառականության վերա է։

— Մի՞թե վաճառականություն ասացյալը դրականապես մի պիղծ բան է, որ անպատճառ պիտո է հիմնված լիներ սատանայական կանոնների վերա․ ո՛չ, ո՛չ․ վաճառականությունը սուրբ բան է, պիտո է արդարությամբ և խղճմտանքով գործակատար լինել և այդ հանդիսում․ ինչ որ աստված ստեղծել է, ամենայն ինչ բարի է, և պիտո է զգուշանալ, չմեղանչել արդարության ընդդեմ և չպղծել մի գործի սրբություն։

— Դու կարծում ես, թե աշխարհի երեսին հարստականքը արդարությա՞մբ ճարել են յուրյանց արծաթի կարողությունը․ ո՛չ, սխալվում ես․ շատ անգամ արյունի գին է այն, շատ անգամ մեծամեծ զրկողութենների գին․ գաղտնիքը, որով վարվում են առհասարակ վաճառականք, անմոտենալի են քեզ և քո նման մարդերի, դուք ձեր բարոյականությամբը և ճշմարտությամբը երբեք ճարելու չեք աշխարհի երեսին մի երևելի արծաթագլուխ։

— Եթե չճարենք ևս, գո՛նե մեր խիղճը մաքուր է և հոգին հանդարտ, գո՛նե չկա մի մարդ, որ ասե, թե այս ինչ մարդը իմ արծաթը կերավ, ինձ զրկեց և ինքը հարստացավ։ Բայց ինչ որ ասում ես դու, թե բոլոր հարուստ մարդիկ յուրյանց հարստությունը ճարել են արյունով, զրկողութենով և այլ հանցանքներով, ես չեմ ընդունում այդ․ կան մարդիկ, որ արդարությամբ վաստակում են և ամենակալ տերը օրհնել է նոցա վաստակը։

Երբ ավարտեցի խոսքս, պ․ Խ․ վեր կացավ տեղից և բարյավ մնա ասելով խնդրում էր ինձանից յուր մոտ հյուր գնալ։ Ես զարմացա դորա անզգամության վերա, որովհետև այդքան կծու խոսակցութենից հետո, արդեն ի՛նչ տեղիք կար իրյար հյուրասիրելու։ Վերջապես գնաց պ․ Խ․․․