արտասուքը, փոխված և ողբալի ձայնով հառաջ տարավ յուր պատմությունը․
— Ինձ ասացին այդ խլողքը, թե մահաբեր կլինի իմ համար այդ կտակը. ինձ ասացին, թե ես չեմ կարող հասկանալ նորան ինքս ինձանով, թե կարոտ է նա մեկնության, թե առանց առաջնորդի կգայթակըղվիս և կկորչիմ... ավա՜ղ, որպես թե եգիպտական առեղծվածը կտակել էր մեզ նա, որ հերքելով ամենայն փարիսականություն, ամենայն խառնափնթորություն, արևի լուսի տակ ցույց էր տվել Իզիսի երեսը։ Ասացին, թե ինձ հարկավոր է այլ ճար... «Ո՛չ, ո՛չ», աղաղակում եմ ես։ — Դու չգիտես,— պատասխանում են սրբապիղծքը,— դու մեր հոգաբարձության տակ լինելով պիտի լսես մեզ։
— Չկամիմ լսել, և ո՛վ դրել է ձեզ հոգաբարձու իմ վերա. մի՛թե նախախնամությունը գայլին հոգաբարձո՞ւ կկարգե հեզ և անմեղ գառնիկների վերա, կամ բրետը տակառով մեղրի վերա... հեռի՛ ինձանից, դուք, գիշերադեմ մարդիկ։ Բայց ականջ դնող չեղավ իմ բողոքին. նոցանից մինը, համարյա թե բռնությամբ հափշտակելով իմ մոտ գտանված բոլոր արծաթը, տվեց ինձ ահա այս կապոցը ասելով, թե դորա մեջ կարող եմ գտանել իմ ցավի ճարը։ Ո՜հ, թեև շատ արտասուք թափեցի բաժանվելով այն կտակից, բայց այնուամենայնիվ փոքր էր․ նորա գրողը իմ արտասուքից շատ արյուն էր թափել այդ կտակը վավերացնելու համար։
— Ի՛նչ կա այդ կապոցի մեջ,— հարց արեցի ես։
— Չգիտեմ,— պատասխանեց խորհրդական ծանոթս և նետեց կապոցը իմ առաջև, նշանացի առնելով, որ բանամ նորան։ Երբ բացեցի, ո՛վ խայտառակությանս, գտա կապոցի մեջ հին և պատառոտուն հանդերձներ հարյուր, հազար կարկատաններով. բացի նոցանից ուրիշ այլ ոչինչ։
— Տեսանո՛ւմ ես,— ասաց իմ հետ խոսողը թույլ ձայնով,— այդ հազար կարկատաններով կցկցած պառավական ձեռագործը տվեցին ինձ այն կտակի փոխանակ, որի գրողը և հեղինակը էր և այդ պառավների արարիչը։
Այստեղ չկարողացա դիմանալ, որ չարտասվեմ։ Մյուս կողմից մի զմայլանք եկավ իմ սրտի վերա, տեսանելով, որ այդպիսի քնքուշ սրտի տեր էր այդ մարդը։ Հետո խոսելով մի քանի մխիթարական խոսքեր, ասում եմ.
— Մեծ երջանկություն կհամարեմ ինձ, եթե կարողանամ իմանալ, ովի՞ հետ շնորհել է ինձ բախտը խոսակից լինել։